Վենետիկի հանձնաժողովի առաջարկը՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի մասով
Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծից հանել 89-րդ հոդվածի 4,5,6 կետերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վենետիկի հանձնաժողովի ավստրիացի անդամ Քրիստոֆ Գրաբենվարթերը՝ պատասխանելով հարցին, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկած փոփոխությունների ո՞ր մասն է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներառել սահմանադրական փոփոխությունների նախագծում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում 89-րդ հոդվածին:
Հայաստանի Սահմանադրության նախնական նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականում նշված է. «Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի» (հոդված 89) վերաբերյալ Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ ընդօրինակված է իտալական փորձը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով կայուն մեծամասնություն չլինելու դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ հաղթող կուսակցությունը կամ դաշինքը ձևավորում է մեծամասնություն: Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարելու կառավարման նոր՝ խորհրդարանական ձևի, և ձեռնպահ մնալ ընտրությունների երկրորդ փուլի հարցը սահմանադրությամբ կարգավորելուց: Նրանք, սկզբունքորեն դեմ չլինելով այդ ինստիտուտին, առաջարկում են այդ դրույթը հանել սահմանադրության տեքստից և կանոնակարգել Ընտրական օրենսգրքով:
Եվրոպացի փորձագետն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը կոնկրետ տեքստ չի առաջարկում, միայն ասում է, թե տվյալ տեքստը համապատասխանո՞ւմ է եվրոպական չափանիշներին, թե՝ ոչ։
«Այն, ինչ մենք ունենք որպես նոր տեքստ, ընդամենը մեր մոտեցման արձագանքն է: Խոսքը գնում է, թե ինչքանով է սահմանադրական կարգավորումն իրականում ապահովման կայունության և կայուն մեծամասնության համար»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե նշվեց, որ այդ հոդվածի մասին իրենց առաջարկություններն անպայման հաշվի են առնվելու, ինչի՞ հիման վրա է, Վենետիկի հանձնաժողովի անդամն ասաց, որ քննարկումների ընթացքում, որոնց ժամանակ իրենք կոնկրետ առաջարկություններ են ներկայացրել, պատասխանել են, որ բարձրացված կոնկրետ կետերը հաշվի են առնվելու. «Ելնելով այդ խոսքերից՝ մենք ունենք վստահություն, որ տեքստում լինելու են էական փոփոխություններ»:
Նախորդող հրապարակումներ՝
Վենետիկի հանձնաժողովի անդամը` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին
Քրիստոֆ Գրաբենվարթեր. Նպատակը մեկն է՝ ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որն արտահայտում է ժողովրդի կամքը
Հասել ենք ընդհանուր ընկալման. Վենետիկի հանձնաժողովի անդամ
Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը