
«Հայֆիլմը» կվերադարձվի կառավարությանը
«Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացին:
«Այո, մենք բավական ժամանակ աշխատում ենք «Հայֆիլմը» վերադարձնելու համար, և ՀՀ կառավարության առաջիկա նիստում դա կամրագրվի համապատասխան որոշմամբ»,- նշեց Ա.Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ 2005թ-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 միլիոն դրամով, այժմ կինոստուդիան գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի:
Ա.Սահակյանի խոսքերով՝ հետագայում Կառավարությունը և լիազոր մարմինը՝ Մշակույթի նախարարությունը նոր ծրագիր կիրականացնեն:
Անդրադառնալով Կրկեսի կառուցման աշխատանքներին, Պետական գույքի կառավարման վարչության պետն ասաց, որ կրկեսը գերակատարել է իր ծրագիրը, պայմանագրային պարտավորությունները:
«Շուտով մենք կունենանք ժամանակակից տեսքով կրկես»,-ասաց նա: