Ռոհանի. Ոչ մի բանաձև չի կարող Իրանին արգելել զենք գնել կամ զենք վաճառել
«Ոչ մի բանաձև չի կարող Իրանին արգելել զենք գնել կամ զենք վաճառել»,-այդ մասին ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը ռազմական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում, անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ սահմանած թիվ 2231 բանաձևին, մասնավորապես նշել է. «Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը չի սահմանափակում մեր զինված ուժերի գործողությունները: Եթե անհրաժեշտություն լինի, մենք ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ կարող ենք զենք գնել և վաճառել և չենք սպասի, որ որևէ մեկը կամ որևէ բանաձև այն հաստատի»:
Իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ռոհանիի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Նման հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են տարածաշրջանում Իրանի ունեցած ոչ կառուցողական դերի և սպառնալիքի մասին: Այդ իսկ պատճառով այդ ոլորտի վերաբերյալ սահմանված պատժամիջոցները կպահպանվեն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս դեմոկրատ սենատորներին հղած նամակում, անդրադառնալով միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությանը, նշել է, որ եթե Իրանը խախտի համաձայնագիրն ու ընթանա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհով, ապա գործի կդրվի խնդրի լուծման ռազմական տարբերակը: Օբաման նաև հավելել է, որ տնտեսական ճնշումներն ու միջուկային ծրագրին չվերաբերող Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հատկապես «Հեզբոլլահին» ցուցաբերվող աջակցությանը վերաբերող պատժամիջոցները կպահպանվեն: