Սիսի կաթողիկոսարանում հնչել է ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսի հայրապետական պատգամը հայ ժողովրդին
«Խոր հուզումով, բայց վերանորոգ հավատքով, հույսով ու տեսիլքով ողջունում ենք մեր ժողովուրդի սիրելի զավակներին՝ Սիսի մեր դարավոր Կաթողիկոսարանից»,-ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսը՝ Սիսի կաթողիկոսարանում հայ ժողովրդին ուղղված պատգամի խոսքում: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
«Պատմությամբ շնչող սրբավայր է այս Կաթողիկոսարանը՝ Կիլիկիոյ հայ թագավորության մայրաքաղաք Սիսի լերան լանջին։ Արդարև, Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետով հաստատված Կաթողիկոսարանը, քաղաքական ու ապահովական պայմանների բերումով, պատմության ընթացքում հաջորդաբար փոխադրվել է Դվին, Աղթամար, Արգինա, Անի, Թաւբլուր, Ծամնդաւ, Ծովք և Հռոմկլա, 1293-ին հաստատվել է Սիսում։
Անցնող դարերում Սիսի Կաթողիկոսարանը իր Սուրբ Սօֆիա Մայր Տաճարով, հարուստ մատենադարանով, ձեռագիրների ու սրբազան սպասնքերի եզակի հավաքածոյով դարձավ հոգևոր, ազգային ու մշակութային ճառագայթող կենտրոն։ Մեր հայրապետներն ու հոգևորականները, հավատարիմ Լուսավորիչների ու Շնորհալիներու սրբազան ավանդին, իրենց հավատքի վկայութեամբ ամուր են պահել մեր եկեղեցին և անխախտ մեր սրբություննեև, արժեքներն ու ավանդույթները՝ հակառակ իրենց շրջապատող բազմաթիվ ու բազմատեսակ վտանգներին»,-նշել է ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսը։
Կաթողիկոսի հայրապետական պատգամն ամբողջությամբ՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանձնարարությամբ կաթողիկոսության միաբանությունը ներկայացնող պատվիրակությունն օգոստոսի 22-ին այցելել է Սիսի կաթողիկոսարան, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգիստ՝ 1293-ին Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսում հաստատելուց հետո մինչև 1915 թվականը Սիսում գահակալած երջանկահիշատակ հայրապետների հոգիների համար։
Նշենք, որ ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Որոշվել է, որ հայցի մերժվելու դեպքում Կիլիկիո կաթողիկոսարանը նույն խնդրով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց եղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար: Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
Նախորդող հրապարակումներ՝
Սիսի կաթողիկոսարանում հնչել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջատիրական ձայնը
Արամ Առաջին. Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում կրոնական արարողություն կատարել
Հայոց եկեղեցին `ընդդեմ Թուրքիայի
Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
Արամ Ա-ն հետևում է Թուրքիայի դատարանում կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատին
Արամ Առաջին. Եթե լուրջ քայլի չդիմենք, շուտով 100-րդ տարելիցը կկորցնի իր իմաստը, պատգամն ու մարտահրավերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան