«Հայոց ցեղասպանության ականատեսը». Արմին Վեգների ցուցահանդեսը` Ստոկհոլմում
Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվել է «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվել են Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։
Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս է տեսել նաև Արմին Վեգների «Հայերի արտաքսումը դեպի անապատ» գրքի շվեդերեն ծանոթագրված հրատարակությունը։
Բացմանը մասնակցել են խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը, քրիստոնեա-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անդրեաս Կարլսոնը, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ռազմական թանգարանի տնօրեն Էվա-Սոֆի Էրնստելլը և պատմաբան Վահագն Ավետյանը։
Ցուցահանդեսը գործելու է երեք ամիս։
Ռազմական թանգարանը հանդիսանում է Ստոկհոլմի առաջատար մշակութային հաստատություններից մեկը և ներառված է պարտադիր կրթական ծրագրերի մեջ։