Ա. Բախշյան. «Երևանի թ. 27 դպրոցում կոռուպցիան վերադարձավ ու վերահաստատվեց»
Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի: Այս մասին ասված է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ:
«Սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք արտաբերում են այդ խայտառակ, պետությունն ու հասարակությունը ժանգի նման փչացնող երևույթի դեմ պայքարելու մասին: Դպրոցում ներկա որոշ ուսուցիչներ ծափահարություններով ընդունեցին այս փաստը, ցուցադրելով իրենց համաձայնությունը կոռուպցիային և մատնելով իրենց մասնակցությունը այս անպատվաբեր երևույթին: Սա ընդամենը մեկ դպրոցում կատարվածն է, բազմապատկեք պետական բոլոր կառույցների նմանօրինակ ղեկավարների թվով և պատկերացրեք, թե ինչպես է վատնվում պետական բյուջեն: Սա մեր իրականությունն է, այսօրվա հասարակության ու իշխանությունների դեմքն է, որից հրով լինի, սրով լինի, պետք է ազատվենք: Ձեռքերը ծալել, հուսահատվել՝ չկա»,-ասված է Բաշխյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի թ. 27 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի հավակնորդների մեջ էր նաև դպրոցի նախկին տնօրենը, որը դատապարտվել է պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հրապարակվել էր Սուսաննա Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ դրա, Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել չորս դրվագով յուրացումներ կատարելու համար, դատապարտվեց վերջին հաշվով 800 հազար դրամ տուգանքի և կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 6 ամսով զրկումով: Համաներման կիրառմամբ Սուսաննա Սարգսյանն ազատվել էր հիմնական պատժից: Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ էր մտել նաև լրացուցիչ պատիժը՝ 6 ամսով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են