«Հուսո Առագաստ». Հեղինակ կատարողները հավաքվելու են Դիլիջանում
Հայաստանի Կոմպոզիտորների միության «Երգի փառատոն-2015» մեգանախագծի շրջանակներում Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը օգոստոսի 26-28-ը կկայանա «Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը: Հեղինակային երգի փառատոնը մեկնարկել էր դեռ նախորդ ամսվա հուլիսի 31-ին՝ Սևանում, որտեղ տեղի է ունեցել նախնական փուլը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Կոմպոզիտորների միությունից:
Ժյուրիի կողմից ընտրված մասնակիցներին կմիանան նաև Երևանում օգոստոսի 24-ին Կոմպոզիտորների Միության դահլիճում կայացած լսումների փուլը հաղթահարած երաժիշտները, որոնք էլ կներկայանան փառատոնի երկրորդ փուլին: Ընտրված լավագույն 10 մասնակիցները Բարդ ակումբի թվով 15 անդամ-երաժիշտների հետ էլ կմասնակցեն օգոստոսի 27-ին կայանալիք գալա-համերգին, որին կմասնակցի նաև Ռուբեն Հախվերդյանը:
Փառատոնին մասնակցելու հայտ էին ներկացրել երկու տասնյակից ավել հեղինակ-կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Փառատոնի պարտադիր պայմանն էլ այն է, որ մասնակիցները պետք է միայն հայալեզու երգեր կատարեն:
«Երգի փառատոն-2015»-ը Հայաստանի Կոմպոզիտորների Միության մեգանախագիծն է, որը համախմբում է երաժշտական տարբեր ժանրերը: Այս փառատոնի ընթացքում բացի հեղինակային երգի ներկայացումից, տեղի կունենան նաև համերգներ էստրադային և ժողովրդական ժանրերում:
Նախորդող հրապարակում՝
Յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն