Ի՞նչ արժե սեպտեմբերի 1-ը
Մինչև Գիտելիքի օրը մնացել են հաշված օրեր. որքան մոտենում է սեպտեմբերի 1-ը, այնքան ավելանում են ծնողների հոգսերը:
Որքան գումար են ծախսում երեխաներին դպրոցին պատրաստելու համար, Panorama.am-ի թղթակիցը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել՝ Գիտելիքի օրվան ընդառաջ շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը նվազում է 50-60 հազար դրամով: Ու ամենևին էլ չեն գնում ճոխ բաներ, այլ հասարակ, սովորական, առաջին անհրաժեշտության իրեր: Սա էլ այն դեպքում, երբ երեխան առաջին դասարան չի գնում, քանի որ նախորդ տարվանից որոշ իրեր պահպանվել են:
Իսկ առաջին դասարանցի ունենալու դեպքում ծնողների սեպտեմբերյան ծախսն ավելանում է:
Մեզ հետ զրույցում առևտրականները նախ բողոքեցին, որ առևտուր չկա, մարդիկ ոչինչ չեն գնում, միայն նայում են ու անցնում: Ըստ առևտրականների՝ այսօր մարդիկ նախընտրում են գնալ խոշոր առևտրի կենտրոններ, մինչդեռ, ըստ նրանց, տոնավաճառներում գներն ավելի մատչելի են: Ծնողներն էլ իրենց հերթին բողոքում են, որ ամեն ինչ շատ թանկ է և գնալով ավելի է թանկանում:
«Երեխայի շորերն ավելի թանկ են, քան մեծահասակներինը, ու դեռ երաշխիք էլ չկա` այդքան թանկ վճարելով երեխան քանի սեզոն կհագնի»,- ասաց երեք երեխաների մայր Մերին:
Մեզ հետ զրույցում ծնողներից Արփինեն նշեց, որ այս տարի երեխայի սեպտեմբերյան ծախսն արժեցել է մոտ 70 հազար դրամ, բայց սա այն դեպքում, երբ գրենական պիտույքները դեռ չի գնել:
«Աղջիկս երրորդ դասարան է, նախորդ տարի ավելի քիչ գումար եմ ծախսել, քանի որ գրեթե ամեն ինչ գնել եմ՝ պայուսակ, վերնաշապիկ, կոշիկ, կիսաշրջազգեստ: Դեռ բավականին գումար էլ պետք է սեպտեմբերի ծախսերի համար»,- ասաց Արփինեն:
Մեկ այլ ծնող` Մարինեն որդուն դպրոց ճանապարհելու համար ծախսել է մոտ 50 հազար դրամ: Այդքան գումարով նա երեխայի համար գնել է տաբատ, վերնաշապիկ, կոշիկ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Իսկ նախորդ տարի, երբ նրա որդին առաջին դասարան էր գնում, ծախսել էր մոտ 100 հազար դրամ:
Արմինեի որդու սեպտեմբերմեկյան ծախսերն արժեցել են 120 հազար դրամ. «Բայց, դեռ ինչքան ծախսեր են սպասվում, շուտով կսկսեն տետրերի, աշխատանքային տետրերի գումարներ հավաքել»:
Այդուհանդերձ, Արմինեն նշեց, որ այս սեպտեմբերի 1-ն իր համար տոն է. սեպտեմբերի 1-ին, միակ որդին առաջին անգամ դպրոց է գնալու. «Դրա համար ոչինչ չեմ խնայել, թեև առանձնակի ճոխություններ չեմ արել, բայց պետք է խոստովանեմ, որ դպրոցին պատրաստվելը թանկ հաճույք է»:
Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, բազմազավակ Սմբատը դեռ չի գնել երեխաներին անհրաժեշտ գրենական պիտույքները, սակայն դպրոցահասակ չորս երեխաների հագուստի համար ծախսել է 160 հազար դրամ: Վեց երեխաների հայրը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի ավելի շատ գումար է ծախսել, քան այս տարի: Նա նշեց, որ դպրոցահասակ չորս երեխաների համար ոչինչ չի խնայում, աշխատում է, փառք Աստծո, իր հնարավորությունների սահմաններում կարողանում է երեխաներին ներկայանալի տեսքով դպրոց ճանապարհել: Իսկ երեխաներից պահանջը մեկն է՝ լավ սովորել, լավ մարդ դառնալ:
Անահիտը դեռ չի գնել իր երկու երեխաների սեպտեմբերմեկյան իրերը, բայց վստահ է, որ այն իրենից կխլի միջինը 100 հազար դրամ:
«Սակայն, դրան եթե գումարենք գրքերի գումարը, ապա մոտ 120 հազար դրամ է անհրաժեշտ: Այսինքն՝ իմ աշխատավարձի կրկնակին: Լավ է, որ գոնե տատիկ-պապիկի թոշակով կկարողանամ այս մի ծախսի տակից էլ դուրս գալ»,- ասաց Անահիտը:
Այսպես, ներկայացնում ենք դպրոցականներին անհրաժեշտ պարագաների միջին արժեքները՝
Վերնաշապիկ՝ 4500-12000 դրամ
Տաբատ՝ 5500-16000 դրամ
Կոշիկ՝ 5000-13000 դրամ
Կիսաշրջազգեստ՝ 4000-15000 դրամ
Սպորտային համազգեստ՝ 10000-20000 դրամ
Սպորտային կոշիկ՝ 4000-10000 դրամ:
Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, ապա շքեղություններ թույլ չտալու դեպքում դրանք կարելի է գնել 7000-15000 դրամով:
Գրչատուփ՝ 3000-10000 դրամ
12 թերթանոց մեկ տետրը՝ 50 դրամ
48 թերթանոց մեկ տետրը՝ 220-400 դրամ
Դպրոցական պայուսակ՝ 5000-20000 դրամ
Ռետին՝ 80-150 դրամ
Քանոն՝ 100-300 դրամ
Օրագիր՝ 450-1200 դրամ
Նկարչական ալբոմ՝ 220-600 դրամ
Գունավոր մատիտներ՝ 500-2000 դրամ
Մատիտ՝ 100 դրամ
Գրիչ՝ 30-200 դրամ
Հիշեցնենք, որ տարրական դպրոցում բոլոր դասագրքերն անվճար են տրվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները