Ներառական կրթության մասին. Շատ բաներ հաճախ արվում են, արվելու համար
«Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները մինչև 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն՝ օրենքի պահանջներին համաձայն: Դպրոցները պետք է կարողանան ոչ թե ուղղակի երեխային ընդունել, այսօր էլ պարտավոր են բոլորն ընդունել, դա 1999-ին ընդունված օրենքով է կարգավորվում, այլև կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Կրթության և Գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
Սա՝ ապագայում, իսկ այսօր ՀՀ ԿԳՆ հրամանով հանրապետությունում կա շուրջ 170 ներառական կրթություն իրականացնող դպրոց: Սակայն Ա. Մուրադյանը, վկայակոչելով իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքները, նշում է, որ բոլոր դպրոցներում էլ զարգացման խնդիրներով երեխաներ կան:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադևոսյանը նկատեց, որ մինչև 2025-ը հասնելու ճանապարհին շատ խնդիրներ կան. «Այսօրվա ներառական կրթության համակարգում խնդիրները բազմաթիվ են: Մեծագույն խնդիրը մնում է վերաբերմունքը: Դա մեծագույն խոչընդոտ է, որը ցավոք առկա է թե ընտանիքներում, թե հասարակության մեջ, թե դպրոցում»:
ՀԿ նախագահի խոսքով, վերաբերմունքն ու առկա կարծրատիպերը փոխելու գործում մեծ անելիքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով ու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:
«Գիտե՞ք, սա բնական է, ու այս ճանապարհով անցել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Աշխարհը մենք փոխում ենք՝ փոխելով մեր վերաբերմունքը: Ես տեսնում եմ, որ շատ բաներ հաճախ արվում են, արվելու համար, բայց դրանում այդ ներառական հայացքը գոյություն չունի, սա խոչընդոտում է ներառական կրթության բնականոն զարգացմանը»,-ասաց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ի նախագահը:
Սուսաննա Թադևոսյանն անդրադարձավ վերջերս մեծ աղմուկ հանած դեպքին, երբ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը հրաժարվել էր դպրոց ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա տղային: ՀԿ նախագահն ասաց, որ միջադեպի մասին երկար է մտածել, իրեն բարկացրել է հատկապես տվյալ դպրոցի հատուկ մասնագիտական խմբի վերաբերմունքը:
«Մայիսին այդ դպրոցի մանկավարժները վերապատրաստումներ են անցել մեր ՀԿ-ի աջակցությամբ, վերապատրաստողները շատ տպավորված էին այդ դպրոցի մանկավարժների գիտակ, ակտիվ լինելուց, ընկալելու պատրաստակամությունից, բայց մի կողմից հոգեբանամանկավարժական կենտրոնը, որը 44 դպրոցի մանկավարժներ էր վերապատրաստել, ամենամեծ դժգոհությունը հենց այդ դպրոցի թիմից է եղել, որ շատ կարծրատիպային, խտրական, իրենց տեղում չգտնվող մասնագետներ են: Ես ուզում եմ հարցնել, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն նրանք այդ դպրոցում, ի՞նչ իրավունք ունեն նրանք աշխատելու, սա լուրջ մարտահրավեր է Մանկավարժական համալսարանին, ով զարգացնում է մարդու արատը տեսնելու հնարավորությունը, փոխարենը՝ զարգացնի մարդու կարողությունները տեսնելու հնարավորությունը»,-ասաց նա:
Մարտունիի N 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ավելացրեց, որ շատ են խանգարում կարծրատիպերը. «Ծնողները երբեմն ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս հանել փողոց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները