Ջոն Քիրբի. Միացյալ Նահանգներն Իրանում դեսպանություն բացելու նպատակ չունեն
«Միացյալ Նահանգներն Իրանում դեսպանություն բացելու նպատակ չունեն»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քիրբին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն վերաբացմանը, մասնավորապես նշել է. «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին որոշումն ինքնիշխան պետությունն ինքն է կայացնում, Միացյալ Թագավորությունը որոշում կայացրեց Իրանում վերաբացել իր դեսպանությունը»:
Անդրադառնալով Թեհրանում ԱՄՆ դեսպանություն բացելու հավանականությանը՝ Ջոն Քիրբին նշել է. «Միացյալ Նահանգներն Իրանում դեսպանություն բացելու նպատակ չունեն: Սակայն պահանջում ենք, որպեսզի Իրանը հավատարիմ մնա միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, դա մեզ համար կարևոր հարց է»:
Հավելենք, որ օրերս Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի օրինակով Միացյալ Նահանգների դեսպանության բացման հավանականությանը, մասնավորապես ասել է. «Մենք Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական հարաբերություն ունեցել ենք, այլ է իրավիճակը Միացյալ Նահանգների դեպքում: Մեր ժողովուրդն ամերիկացիների քաղաքականության նկատմամբ որոշակի մտահոգություն ունի, պետք է նրանց քաղաքականությունը փոփոխության ենթարկվի, դեռևս շատ վաղ է խոսել Միացյալ Նահանգների դեսպանության բացման մասին»:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ներկայում Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում