ԱԺ-ում կանցկացվեն սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ
Մինչև Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկը հնարավոր է կազմակերպվեն ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումներ: Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ինձ թվում է նախքան քառօրյայի մեկնակը կլինեն լսումներ: Նման նախաձեռնություն կա, որպեսզի լսումներ անցկացվեն»,- նշեց նա:
Նախքան լսումները, ըստ Վ. Բաղդասարյանի, խորհրդարանական խմբակցությունները կարող են հանդիպել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ. «Օրինակ, մենք ցանկություն ենք հայտնել հանդիպել հանձնաժողովի հետ՝ քննարկելու մեր առաջարկությունները»:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ազգային ժողովը նույն օրը ստացել է նախագիծը: