Ա. Զաքարյան. «Ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա կապրիզ (Տեսանյութ)
«Սահմանադրական փոփոխություններին «այո» և «ոչ» ասելը չպետք է լինի ինքնանպատակ: «Ոչ»-ի հիմնավորումները գնալով դառնում են ոչ էական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներին, ովքեր բերում են հիմնավորված փաստարկներ, իրենք ուշադիր լսում են, հաշվի առնում նրանց դիրքորոշումը:
«Ազգային ժողովում քննարկումների ժամանակ «ոչ» ասողների դիրքորոշումը քաղաքականապես պետք է կարծրանա, այլապես կդառնա քաղաքական կապրիզ, երկար կյանք չի կարող ունենալ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ա. Զաքարյանի խոսքով, սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց առաջ պետք է հասնել առավելագույնս լավ մշակված, համաձայնեցված վերջնարդյունքի, որն էլ դրվի հանրաքվեի:
Նա կարևորեց նաև, որ մինչև հանրաքվեն լինի վստահություն կատարվելիք փոփոխությունների հանդեպ, որ այդ բարեփոխումները ծառայելու են բոլորի ընդհանուր շահերին:
«Վերջին խոսքը հանրությանն է»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարությունն անընդհատ խնամք է պահանջում, որևէ մի երկիր չի կարող ասել, որ իրեն հաջողվել է կառուցել ժողովրդավարության ամենաբարձր մակարդակը: