«Ժառանգությունը» չի գնա նախագահի հետ հանդիպման. Ա. Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Նման որոշում է կայացվել այսօր կուսակցության վարչության նիստի ընթացքում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նախորդ հանդիպումից հետո մեր առաջարկները, ըստ էության, բովանդակային առումով չեն ընդունվել: Մի հոդվածի հետ կապված վատթարացում է եղել. վերպետական կառույցների, տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթներ են ավելացել: Մեզ համար ընդունելի չէ: Այս ամենը նկատի ունենալով՝ վարչությունը որոշեց չգնալ հանդիպման»,-նշեց նա:
Ըստ նրա, նախագահի հրավերը չընդունելու վերաբերյալ վարչության նիստում կայացված որոշումը միասնական է: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, նիստին ֆիզիկապես չի մասնակցել, բայց կապի ժամանակակից միջոցներով քննարկումներին մասնակցել է:
Նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը կողմ լինելով պառլամենտական համակարգին, գտնելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ներկայացված նախագծին ամբողջությամբ դեմ է:
«Այս նախագիծը ոչ թե պառլամենտական համակարգ է առաջարկում, այլ միակուսակցությանը միտված համակարգ: Պառլամենտական համակարգի որևէ նշույլ չկա, քանի որ այն ենթադրում է մեծ ներկայացուցչականություն, գումարած դրան՝ հակակշիռների, զսպումների մեխանիզմների լայն կիրառում: Այս պարագայում մենք չունենք ոչ ներկայացուցչականություն, ոչ էլ հակակշիռների և զսպումների մեխանիզմ»,- մանրամասնեց Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ երեկ և այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նախագահը հանդիպել է ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ ներկայացուցիչների հետ, իսկ այսօր՝ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչների հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Արարատ Զուրաբյան. Կարծում եմ, մեր ներկայացրած առաջարկություններն ընդունելի են իշխանությունների կողմից
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահը հանդիպել է ՕԵԿ ներկայացուցիչներին
«Մեր տեսակետները հիմնական բոլոր ուղղություններով համընկնում են». ՀՅԴ-ն՝ նախագահի հետ հանդիպման մասին
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ
ԲՀԿ-ականները գոհ են երկրի ղեկավարի հետ հանդիպումից
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ