Քոբանիից Թուրքիա փախած հայ ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան
Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով Սիրիայի Քոբանիի քաղաքից Թուրքիա անցած 2 հայ ընտանիքներ կտեղափոխվեն Հայսատան:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս ընտանիքները Թուրքիա անցնելուց հետո ապաստանել են սիրիացի փախստականների ճամբարում: Այնտեղ նրանց այցելել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ այս ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան:
Ի դեպ, ընդհանուր առմամբ Քոբանիից 3 հայ ընտանիք են տեղափոխվել Թուրքիա, սակայն նրանցից միայն 2-ն են ցանկություն հայտնել տեղափոխվելու Հայաստան: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտանիքները օգոստոսի 30-ին Արամ Աթեշյանի ուղեկցությամբ կտեղափոխվեն Հայաստան: