Ոսկե մեդալակիր. Այդքան էլ դժվար չէ հասնել բարձր արդյունքի
Սիսիանի ավագ դպրոցի շրջանավարտ Աշոտ Աթայանն այսօր նախագահական նստավայր հյուրընկալված մյուս աշակերտներից տարբերվում էր իր հագուստով: Նա իր ոսկե մեդալը ստանալու էր եկել զինվորական հագուստով: Արդեն մեկ ամիս է ծառայում է Արարատի զորամասում:
«Քննություններից հետո չգիտեի, թե ինչ համազգեստով կներկայանամ այս արարողությանը, հիմա ավելի հպարտ եմ, որ զինվորական հագուստով եմ ու ստանում եմ իմ մեդալը: Իմ գիտելիքներն ամբողջությամբ օգտագործելու եմ մեր բանակի շահերի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Աթայանը:
Նա նախքան բանակ զորակոչվելը, ընդունվել է Երևանի պետական համալսարան, վճարովի համակարգ:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին:
«2014-2015 ուսումնական տարին հատուկ էր այն առումով, որ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտների թիվը կտրուկ աճել է: Անցյալ ուսումնական տարում եղել է 47 ոսկե մեդալակիր, այս տարի՝ 73»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ճնշող մեծամասնությունը մարզերից են: Այսինքն, կարող ենք խոսել կրթական հավասար պայմանների մասին: Իհարկե, Երևանը մնում է երկրի ուսումնագիտական, կրթական, մանկավարժական կենտրոն, ուսումնական մայրաքաղաք, բայց լավ կրթության հնարավորություն կա մարզային բազմաթիվ դպրոցներում»,- նշեց նախարարը:
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի թիվ 114 ավագ դպրոցի մեդալակիր շրջանավարտ Կորյուն Ղազարյանն ասաց, որ այնքան էլ դժվար չէր հասնել նման արդյունքի՝ ոսկե մեդալի. «Եթե նորմալ պատրաստված ես լինում, հենց առաջին դասարանից նորմալ սովորում ես, այդքան էլ դժվար չէ»:
Կորյունը գոհ է իր միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչներից, նրա գնահատմամբ, լավ մասնագետներին էին, ինչը չի կարող ասել արդեն ավագ դպրոցի ուսուցիչների մասին:
«Բայց եթե երեխան ցանկություն է ունենում սովորել, որևէ բան նրան չի կարող խանգարել»,- համոզված է նա:
Կորյունն ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Սովորելու է անվճար: «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայոց լեզու» առարկաներից ստացել է առավելագույն՝ 20 միավոր:
Այս արդյունքին հասնելու համար նա ստիպված է եղել նվազեցնել ընկերների հետ շփումը, հավաքույթներին ավելի քիչ մասնակցել, բայց սպորտից չի կարողացել հրաժարվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են