Արկադի Դուբնով. Տարածաշրջանում Թեհրանի դերի բարձրացումը ձեռնտու է Հայաստանին
Տարածաշրջանում Իրանի դերի բարձրացումը դրական ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:
«Պատերազմ, ամենայն հավանականությամբ չի լինի: Սակայն տարբեր ինտենսիվությամբ արձանագրվող անախորժություններից խուսափել նույնպես չի հաջողվի: Կարծում եմ հիմնախնդրում դրական տեղաշարժ կարձանագրվի տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության ակտիվացմանը զուգահեռ»,-նշել է Արկադի Դուբնովը:
Այս առումով` փորձագետը առանձնապես սպասելիքներ չունի, նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` այս տարվա սեպտեմբերին նախատեսված հանդիպումից:
Արկադի Դուբնովի խոսքերով` Իրանի միջուկային ծրագրի հարցի հանգուցալուծումը և տարածաշրջանում Թեհրանի դերի բարձրացումը ձեռնտու է Հայաստանին: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը պաշտոնական Մոսկվայի հնարավոր արձագանքներին, ապա ըստ փորձագետի, այս հարցում դեռևս վաղ է կանխատեսումներ անել: