Երևանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Սուրենյան
Հուլիս-օգոստոսին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 20 օր ջերմաստիճանը տատանվել է 38-39, իսկ 15 օր՝ 40-41 աստիճանի սահմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկար տևած շոգ եղանակի առաջին դեպքը. «Հուլիսը խիստ չոր կլիմայական պայմաններում անցավ, քանի որ տեղումները նորմայից՝ 50 տոկոսով ցածր են եղել: Չոր, խիստ շոգ եղանակը տևել է մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, այդ ընթացքում առանձնապես տեղումներ չեն գրանցվել»:
Դիտարկմանը, թե ազգաբնակչությունը վստահ է, որ ջերմաստիճանը 41-ից ավելի բարձր է եղել, նշեց, երբ խոսում են 38 աստիճանի մասին՝ ազգաբնակչությունն ասում է, որ 40-41 է, իսկ երբ արդեն հայտարարում եմ, որ 40-41 է՝ ասում են, թե եղել է ավելի բարձր. «Աշխարհագրական գիտությունների թեկնածու լինելով՝ անձամբ իմ անունից կարող եմ հայտարարել, որ Երևանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել: Կարող եմ ասել Երևանում 42 աստիճան գրանցվել է 2010թ-ի օգոստոսի 3-ին և Մեղրիում 43,7 աստիճան: Դրանից բարձր ջերմաստիճան մենք չենք ունենում»:
Գագիկ Սուրենյանը պարզաբանեց, թե, ըստ իրեն ինչումն է քաղաքացիների անհանգստության պատճառը. «Շատ քաղաքացիներ ջերմաչափը տեղադրում են անմիջապես արևի տակ, կամ պատերի թիթեղների մոտ և արեգակի ճառագայթները, եթե գոնե մեկ ժամ ընկնում են այդ հատվածի վրա, արդեն ջերմաստիճանի սնդիկը ցույց կտա սխալ ջերմաստիճան: Իսկ մեզ մոտ ջերմաստիճանը չափվում է բացարձակ թվերով, որը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդունված ձևն է»: