Կունենանք ակադեմիա, որը կբարձրացնի Հայաստանի անունը. Գ.Գրիգորյան
Հայաստանում ստեղծվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիա։ Սեպտեմբերի 4-ին անվանի օպերային երգչուհի, մանկավարժ Լյուբով Կազարնովսկայայի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից կազմակերպվելիք բարեգործական համերգի հասույթը տրամադրվելու է հենց այդ ակադեմիային: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Լյուբով Կազարնովսկայան:
«Մենք որոշել ենք օպերային թատրոնում նախագիծ անել, որը կնպաստի երաժշտական մշակույթի վերածննդին: Հայ և արտասահմանցի երիտասարդ կատարողների համար նախաձեռնություն է` օպերայի լավագույն ավանդույթներին համահունչ: Այս բարեգործական համերգն այդ նախագծի համար աջակցության է հավաքում»,- ասաց նա:
Ըստ երգչուհու, Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվող ակադեմիայում ինքը վարպետության դասեր է անցկացնելու. «Ես երջանիկ կլինեմ օգնել, այստեղ բերել կատարողների, դիրիժորների, ռեժիսորների»:
Ասուլիսին ներկա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն ասաց, որ նման ակադեմիան շատ կարևոր է Հայաստանի ու երիտասարդ կադրերի համար, որոնք նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կկատարելագործվեն. «Կունենանք ակադեմիա, որը կբարձրացնի Հայաստանի անունը: Ես մեծ հույսեր ունեմ»:
Բարեգործական համերգին մասնակցելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան): Համերգի հյուրերն են լինելու մեցո սոպրանո Վիշնիա Ռադոսավը (Սերբիա), սոպրանո Մարինա Պոլուխինան, տենոր Ալեքսանդր Չերնովը (Ռուսաստան), բաս Նիկոլա Ուլիվերին (Իտալիա), Սոֆիա Թումանյանն ու Գոշ Սարգսյանը: Դիրիժորներ՝ Անատոլի Լևին, Սերգեյ Սմբատյան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա