Կազարնովսկայա. Ուրախ եմ, որ Արցախում կայանալիք համերգին մասնակցում ենք ոչ միայն արվեստով
«Ես Հայաստանում եմ մեծացել, հայրս այստեղ է ծառայել: Ես Չեխովի դպրոցում եմ սովորել, Աբովյան 32 հասցեում եմ ապրել: Հայաստանի երաժշտական մշակույթը, որի մասին երգել է Կոմիտասը, ես գիտեմ, մեծացել եմ դրա հետ, ինձ համար այստեղ այցը պատահական չէ: Ես հասկանում եմ այս երկիրը, սիրում, սերտ կապեր ունեմ Հայաստանի հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օպերային հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան՝ ընգծելով, որ Հայաստան այցը համարում է վերադարձ տուն:
Նշենք, որ Լ. Կազարնովսկայան սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերայի կազմակերպիչներից է` նախագծի գեղարվեստական ղեկավարը: Համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների հիշատակին:
Օպերային երգչուհին կարևորեց, որ հենց Արցախում է նման նախագիծ իրականացվում. «Այն առաջին հերթին նվիրվում է Հայոց ցեղասպանությանը, մի կողմից` սարսափելի տարեթվի, մյուս կողմից` տարեթվի, որը մեզ մոտ հույս առաջացրեց: Մեծ Հայաստանի անկոտրում հոգի, անկոտրում մշակութային հոգի, ազգի վերածնունդ. այս ամենը «Ռեքվիեմ»-ն է: Մարդիկ սպասում են այս տոնին: Արցախում «Ռեքվիեմ»-ը կհնչի հանուն խաղաղության, բարության և արդարության»:
Նախագծի գեղարվեստական ղեկավարի խոսքով, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հետ նախորդ տարի քննարկել են, թե Հայոց ցեղասպանության տարելիցին ինչ անել և որոշել են, որ «Ռեքվիեմից» բացի ավելի լավ բան չկա:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Օպերային երգչուհին ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ մասնակցում ենք ոչ միայն արվեստով, այլև քաղաքական կեցվածքով»:
Համերգին մասնակցելու են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը: Միջոցառմանը հանդես կգան մենակատարներ՝ Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա): Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը: Որպես դիրիժոր արցախյան պրեմիերայի ժամանակ հանդես կգա Անատոլի Լևինը:
Նախորդող հրապարակում՝
Ստեփանակերտում հնչելու է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա