Միջազգային բորսաներում կաթի գինը նվազում է, Հայաստանում՝ ոչ
Ամբողջ աշխարհում կաթի ինքնարժեքի մեջ հաշվարկվում է նաև աշխատուժը: Արդյո՞ք Հայաստանում ևս աշխատուժը ներառված է կաթի գնի մեջ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աշխատուժը կաթի ինքնարժեքում հաշվարկված չէ:
«Պրակտիկ հաշվարկներ չկան: Վերջին գիտական աշխատությունների համաձայն, կաթի մեկ լիտրի ինքնարժեքը գերազանցում է 200 դրամը: Իհարկե, եթե սրա մեջ ներառենք գյուղացու աշխատանքը՝ որպես աշխատուժ, այսինքն ենթադրենք, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ և ստանում է նվազագույն աշխատավարձ»,-ասաց Պիպոյանը:
Այս պարագայում ՀԿ նախագահը բնական է համարում գյուղացիների դժգոհությունը՝ կաթը ցածր գներով մթերելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ գարնան վերջին ամռան սկզբին կաթնամթերք արտադրող ընկերությունները մի քանի տասնյակ դրամով նվազեցրին կաթի մթերման գինը, արդյունքում մի քանի անգամ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակեցին ճանապարհը՝ ի նշան բողոքի:
Գյուղատնտեսության նախարարությունը երեկ տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն միջազգային բորսաներում նվազել է կաթի, պանիրի ու ցորենի գները: Օրինակ, ըստ տարածած հաղորդագրության, NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների, սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։
Պիպոյանը նկատեց, որ այլ երկրներում, երբ կաթի մթերման գինը փոխվում է, ապա վերամշակված կաթի ու կաթնամթերքի գինը ևս փոխվում է, մինչդեռ Հայաստանում մթերման գինը նվազում է, իսկ կաթնամթերքի գնի դինամիկա չի նկատվում:
«Շուկան տեսակավորում չունի, տնտեսվարողը կաշկանդվածություն չունի, որակ հասկացությունն ընդհանրապես չկա: Ամեն ինչ մի գնի տակ վաճառվում է, ով ինչ ուզում է անում է: Մթերքների դասարակգում չկա, նման բեսպրիդելի պայմաններում տնտեսվարողները կաշկանդվածություն չունեն, ինչի՞ կուզեն քիչ փող աշխատել, այս պարագայում ով ինչ ուզում, ինչ գնով ուզում ծախում է, բոլորի անունն էլ դրած է՝ անարատ, թարմ կաթ»,-կաթնամթերքի գների չնվազման վերաբերյալ իր տեսակետն ասաց Պիպոյանը:
Նշենք, որ ԱՎԾ տվյալների համաձայն, կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ գրանցվել է 4.3% գնաճ, իսկ 2015թ. մայիսի համեմատ՝ 1.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Չանախ», «Լոռի», և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 4.0%, 3.8% և 2.0%, խտացրած կաթի 2.5% գնանկումով: 2015թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան