ՊՆ հայտարարում է հասարակական խորհրդի անդամ դառնալու ընդունելություն
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:
Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՝
1. դիմում պաշտպանության նախարարին,
2. ինքնակենսագրություն,
3. բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,
4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Հայտերն ուղարկել փոստով, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը: