Արարատ Զուրաբյան. Կարծում եմ, մեր ներկայացրած առաջարկություններն ընդունելի են իշխանությունների կողմից
ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իրենց առարկությունները, լսել են բերված արգումենտները:
«Կշարունակենք գործընթացը»,-ասաց Արզումանյանը:
ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանն էլ Panorama.am-ին ասաց, որ առանձին հարցերի շուրջ ներկայացրել են իրենց մոտեցումները. «Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դրանք ընդունելի էին իշխանության կողմից: Վստահ եմ, որ պրոցեսներն ու աշխատանքները շարունակվելու են: Ազգային Ժողովում էլ կլինեն դեռ քննարկումներ, մենք մեր մոտեցումները վերջնական այդ ժամանակ կարտահայտնեք»:
Նա հիշեցրեց, որ ՀՀՇ-ն ավելի վաղ հայտարարել է, որ կողմ է խորհրդարանական կառավարմանը. «Այն հարցերը, որ բարձրացրել ենք, կարծում եմ, որ պետք է ստանան ինչ-որ ձևակերպումներ»:
Մասնավորապես ի՞նչ հարցերի վերաբերյալ են ՀՀՇ ներկայացուցիչները մտահոգություններ հայտնել հարցին ի պատասխան Զուրաբյանը թվարկեց. «Օրինակ, մենք ունենք տեղական ինքնակառավարում, չունենք ռեգիոնալ ինքնակառավարում, խոսել ենք ինքնաբուխ հանրահավաքների անցկացման վերաբերյալ: Մենք ուզում ենք, որ լրիվ հստակեցված լինի, օրինակ գործող սահմանադրության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնաբուխ հավաք անցկացնել: Մենք ուզում ենք, որ դրա հետ կապված սահմանափակումներ տեղ չգտնեն Սահմանադրության մեջ: Դա մարդու իրավունք է, որը պետք է պահպանել: Խոսել ենք կայուն մեծամասնության մասին, գտնում ենք, որ պետք է այստեղ խրթին ձևակերպումներ չլինեն»:
Զուրաբյանի խոսքով, իրենք այս հարցերի վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացրել:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս պահի դրությամբ երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, ՀՅԴ ներկայացուցիչների հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահը հանդիպել է ՕԵԿ ներկայացուցիչներին
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ
ԲՀԿ-ականները գոհ են երկրի ղեկավարի հետ հանդիպումից