«Ոչ թալանին» նախաձեռնությունը վերսկսում է փողոցային պայքարը (տեսանյութ)
Վերջին շրջանում «Ոչ թալանին» նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկատերերից ահազանգեր է ստանում, որ իրենց են մոտենում ՀԷՑ աշխատողներ ու փաստաթուղթ են ստորագրել տալիս՝ համաձայն են վճարել էլեկտրաէներգիայի սակագինը թանկացված չափով, հակառակ պարագայում՝ հոսանքը կանջատեն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին նախաձեռնության անդամները:
Անդամներից Արտյուշ Չիբուխչյանը նշեց, իրենք փոքր և միջին ձեռնակատերերին ասում են չստորագրել նման փաստաթուղթ, քանի որ իշխանությունները հայտարարել էին, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը, խոսք չի եղել փոքր և միջին ձեռնարկատիրության չսուբսիդավորման մասին:
Ա. Չիբուխչյանն ասաց, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերից 1-ից սկսելու է անհնազադության նոր ալիք. «Մենք վերսկսկում ենք մեր փողոցային պայքարը, քանի որ մենք ակնկալիք չունենք ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտից»:
Նախաձեռնության անդամներն ասացին, որ իրենք պատրաստ են գնալ մինչ վերջ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում:
Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն ասաց, որ «Ոչ թալանինը» դեմ է սահմանադրական փոփոխություններին: «Մենք ամբողջ ուժերով պայքարելու ենք, որպեսզի իշխանությունը զբաղվի իրական խնդիրների լուծմամբ, ոչ թե երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը բարդեն օրենսդրության վրա»,- նշեց նա:
Ա. Քոչարյանի խոսքով, իրենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի հետ միաժամանակ պայքարելու են նաև սահմանադրական փոփոխությունների դեմ: