Եվրոպան նույնպես հրաժարվում է ադրբեջանական նավթից
Արևմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման հետ կապված կնվազեն եվրոպական տարբեր երկրներում Ադրբեջանից գնվող Azeri Light և CPC Blend նավթի վաճառքի ծավալները: Այս մասին հայտնում է ամերիկյան Platts անկախ տեղեկատվական գործակալությունը, որը էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկն է աշխարհում:
Հաշվի առնելով Ասիայում Արևմտյան Աֆրիկայի նավթի պահանջարկի նվազումը և փոխադրման առավել հարմար երթուղին` եվրոպական նավթավերամշակող ընկերությունները որոշել են չմշակված նավթի լրացուցիչ մատակարարումներ ընդունել Նիգերիայից և Անգոլայից: Միայն սեպտեմբեր ամսին նախատեսվում է 50 մլն բարել չմշակված նավթի մատակարարում (օրական մոտ 1,6 մլն բարել):
Նավթի այս չնախատեսված հոսքն իր հերթին փոխել է նավթի վերջնական օգտատերերի պահանջարկը, ինչը հանգեցրել է ադրբեջանական Azeri Light նավթի տեսակի պահանջարկի նվազմանը:
Չորեքշաբթի CIF պայմաններով մատակարարվող ադրբեջանական նավթի բեռը գնահատվել էր մեկ բարելի դիմաց Brent+1,70 դոլար, այսինքն` ադրբեջանական նավթի և Brent նավթի գնի տարբերությունը նախորդ մակարդակից մեկ բարելի համար կազմել էր 2,30 դոլար, հասնելով 44,34 դոլարի:
Փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակը զարգանում է համաշխարհային շուկաներում առաջարկի շարունակական աճի հետևանքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես հրաժարվում ադրբեջանական նավթից՝ պահանջարկը չի մեծանում: Մասնավորապես, նվազել է Արևմտյան Աֆրիկայում Հնդկաստանի կողմից նավթի գնման ծավալները, որը սովորաբար ներմուծում էր ամսական մոտ 812 մլն բարել: Նվազել է նաև նավթի պահանջարկը Չինաստանում, որը սովորաբար գնում էր արդյունահանվող անգոլական նավթի մոտ 4050 տոկոսը:
Նավթի առևտրով զբաղվողները հայտնում են, որ արեմտյան Աֆրիկայում նավթի մնացած մասը նույնպես կգնեն եվրոպացիները: Փորձագետների կարծիքով` Անգոլան և Նիգերիան սեպտեմբերին հարկադրված կլինեն իրենց հայացքն ուղղել Եվրոպային: Նման թվով այլընտրանքային աղբյուրների դեպքում նավթի գներն անշեղորեն կիջնեն, գտնում են Platts գործակալության վերլուծաբանները:
Մի քանի օր առաջ The Financial Times թերթն արդեն հայտնել էր մայիսի սկզբից մինչև օգոստոսի 11ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե 1 մլրդ դոլար: Ինչպես հայտնի է, Իսրայելն ավելի վաղ նավթը հիմնականում գնում էր Ադրբեջանից, Ղազախստանից և Ռուսաստանից: Իսկ այժմ 3,5 ամիս առաջ ավելին քան երեք քառորդով ապահովել է իրեն քրդական նավթով:
Այսպիսով, համաշխարհային շուկայում նավթի գերավելցուկը բերել է նրան, որ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես կրճատում է Ադրբեջանից նավթի գնումները: