Լոռու մարզի մի քանի դպրոցներում մասնագետների պակասը տարիներով չի լրացվում
Լոռու մարզի ղեկավարին խիստ անհանգստացնում է շատ հանրակրթական հաստատություններում ուսման առաջադիմության աններելի անբավարար մակարդակը:
Լոռու մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից անցած ուսումնական տարում մարզի 48 դպրոցներում իրականացրած տեսչական ստուգումները վկայել են որոշ մանկավարժների անպատասխանատվությունն ու անտարբերությունը կրթության որակի նկատմամբ:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզպետը հատկապես դժգոհել է որոշ դպրոցներում հայոց լեզվի և մաթեմատիկայի դասվանդման անբավարար արդյունքներից. «Մինչդեռ դրանք այն առանցքային բանալիներն են, որոնք պետք է ապահովեն նոր սերնդի առաջընթացը մեր պետության համար կենսական կարևորություն ներկայացնող գիտության ու տեխնիկայի բնագավառում»:
Խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նշել է, որ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից 2014 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին աուդիտ է կատարվել մարզի թվով 49 հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Արդյունքում` մեկ տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն», իսկ 6 տնօրենի նկատմամբ` «Նկատողություն» կարգապահական տույժերը, իսկ 2015թ.-ին 26 հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարված աուդիտի արդյունքում ընդամենը 3 տնօրենի նկատմամբ է կիրառվել կարգապահական տույժեր:
Որպես անհանգստացնող հիմնախնդիր, Մ. Սայադյանը կարևորել է մի շարք գյուղական դպրոցներում մասնագետ ուսուցիչների պակասի խնդիրը: Կան դպրոցներ, որտեղ մինչև 5-6 առարկաներից տարիներով մրցույթներ են հայտարարվում, սակայն այդ տեղերը մասնագետներով չեն համալրվում:
Պատճառները, ըստ նրա, որոշ դեպքերում օբյեկտիվ են. մասնավորապես տրանսպորտի բացակայություն, գյուղական անհրապույր միջավայր, փոքր դպրոցում նաև առարկայի քիչ դասաժամեր, երբ աշխատավարձը անգամ ճանապարհածախսը չի փակում և այլն: Խնդիրը առավել կբարդանա 2018 թվականին, երբ համաձայն ՀՀ հանրակրթության մասին օրենքի` միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կդադարեն դպրոցներում աշխատել:
«Հարցը լուծում պետք է ստանա և, այստեղ շատ բան կախված է լինելու դպրոցի տնօրենից և համայնքի ղեկավարից»,-ասել է Մ.Սայադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են