Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում ամեն չորեքշաբթի հայ հանդիսատեսը կարող է լսել կամերային երաժշտություն, ամեն շաբաթ՝ սիմֆոնիկ՝ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Panorama.am-ի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց փառատոնի ծրագրի, հյուրերի հետ կապված որոշ մանրամասներ:
Նրա խոսքով, փառատոնն աչքի է ընկնելու ընդգրկուն ծրագրով, համաշխարհային պրեմիերաներով: Փառատոնի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր ջութակահարուհի Իվա Միլետիչի (Սերբիա) համերգով: Նա կատարելու է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»:
«Աշխարհահռչակ արտիստները, ովքեր գալու են Հայաստան մասնակցելու փառատոնին, հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար: Բոլոր համերգները կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, սակայն սա չի նշանակում, որ ամբողջ ընթացքում խոսելու ենք միայն այդ մասին, այլ ընդհակառակը՝ մեր նպատակն է ներկայացնել վերածննդի գաղափարը: Փառատոնի ընթացքում ելույթ ունեցող արտիստները մասնակցում են այդ վերածննդի գործընթացին: Կարծում եմ՝ շատ ճիշտ է, որ հենց Երիտասարդական նվագախումբն է խոսում վերածննդից»,- ասաց Ս.Սմբատյանը:
Նա նշեց, որ փառատոնի շրջանակում լինելու են համերգներ, որոնք կոլեկտիվը նվիրելու է հայտնի մարդկանց հոբելյաններին:
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի խոսքով, աշխարհում մեծ պահանջարկ ունեցող արտիստներ են գալու Հայաստան:
«Ունենք շատ լավ փառատոներ: Սակայն Արամ Խարատրյանն այն սիմվոլն է, որը մեզ օգնում է, իսկ մենք պետք է կարողանանք ճիշտ մատուցել այդ սիմվոլը մարդկանց, մրցունակ լինենք միջազգային դաշտում»,- ասաց նա:
Ս. Սմբատյանի խոսքով, նման փառատոներ կազմակերպելով ու հանրահայտ երաժիշտների հրավիրելով Հայաստան, նաև նպաստում են մշակութային զբոսաշրջության զարգացմանը: Խաչատրյանի անվան 3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին՝ «Խաչատրյանն ու ջազը» համերգային ծրագրով: Համերգը նվիրվելու է հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին:
Փառատոնի ընթացքում ելույթ են ունենալու՝ դիրիժորներ Հիրոֆումի Յուշիդա (Ճապոնիա), Ջանլուկա Մարչիանո (Իտալիա), ջութակահարներ Զոհրաբ Թադևոսյան (Իսպանիա), Չադ Հուփս (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոում (Ֆրանսիա), դաշնակահարներ Սոֆա Մելիքյան (ԱՄՆ), Ալեքսանդր Ռոմանովսկի (Ուկրաինա/Իտալիա) և ուրիշներ:
Փառատոնի ծրագիրը՝ այստեղ: