Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ լսումները բաց են լինելու
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում սեպտեմբերին 4-ին հրավիրված լսումները լինելու են բաց, ինչը ենթադրում է, որ կարող են մասնակցել ոչ միայն ԱԺ խմբակցությունների անդամները, նաև արտախորհրդարանական ուժերը, այն քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ցանկություն կունենան:
Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ հանրային լսումները կազմակերպվում են հենց պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Նա հայտնեց, որ հիմնական զեկուցողը լինելու է ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների հարցերով ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ներկա են լինելու նաև մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամները, ովքեր պատասխանելու են ներկաների հարցերին: Մասնակիցները կարող են հանդես գալ նաև ելույթներով:
Հ. Սահակյանն ասաց, որ հանրային լսումներն անցկացվելու են լիագումար նիստերի դահլիճում՝ հաշվի առնելով, որ մասնակիցները շատ կլինեն:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ազգային ժողովը նույն օրը ստացել է նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում