Արձակուրդի վերջին օրերն արթնացեք աշխատանքային գրաֆիկով. մասնագետ
Հաճախ մարդկանց մոտ դժվար է լինում արձակուրդից վերադառնալ սովորական ռեժիմի, դրա համար աշխատանքի անցնելուց առաջ արձակուրդի վերջին օրերն պետք է փորձել այդ ռեժիմը վերականգնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ, նյարդաբան-քնաբան բ.գ.թ Սամսոն Խաչատրյանը:
«Հանգիստը բերում է իր հետ մի փոքր ընդարմացում, ռեժիմի շեղում: Բիոռիթմը կարգավորելու համար պետք է արձակուրդի վերջին երկու օրն արթանանալ այն ժամին, երբ արթնանում են աշխատանքային գրաֆիկի ժամանակ»,-նշեց մասնագետը:
Քնի և արթնանալու խանգարումների վրա մեծ ազդեցություն է ունենում լուսային ռեժիմի փոփոխությունը, հատկապես ժամային գոտիների փոփոխումը. «Մենք հիմա գնում ենք դեպի լուսային ռեժիմի կրճատում և դա նույնպես պետք է հաշվի առնել»:
Ս. Խաչատրյանը հորդորեց անքնության հակում ունեցողներին երեկոյան ժամերին լավ լուսավորված և աղմկոտ վայրերում չգտնվել, այլ թույլ լուսավորված վայրերում, որը նպաստում է քնի հորմոնի արտադրմանը: Ինչպես նաև սնունդ ընդունելու ժամերին, որը նույնպես անքնության պատճառներից մեկն է. ուշ ժամերին չուտել և նվազեցնել կոֆեին պարունակող ըմպելիքները:
«Ուսանողները և աշակերտները պետք է առավել ուշադիր լինեն քնի ռեժիմի գրաֆիկի ճիշտ պահպանմանը, քանի որ այն մեծ ազդեցություն է ունենում նրանց հիշողության և ընկալման վրա»,-նշեց բանախոսը:
«Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահն ասաց, որ Հայաստանում սովոր են անկանոն ապրելուն և օրգանիզմը մի տեսակ ադապտացված է դրան, պետք է ավելի ուշադիր լինել: