Հայաստանի գլխավոր թատրոնի 83-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Անուշ» օպերայով
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 83-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ցուցադրությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերային թատրոնից: Բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, պարերի բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի:
1908 թ-ին Ա. Տիգրանյանը Հ. Թումանյանի «Անուշ» պոեմով ոգեշնչված՝ սկսում է գրել համանուն օպերան: Կոմպոզիտորն այդ կապակցությամբ ասել է. «Հայկական օպերա գրելու միտքը վաղուց զբաղեցրել էր ինձ, բայց բոլոր սյուժեները, որոնց մշակմանը ես ուզում էի դիմել, ինձ չէին ոգևորում հարկ եղածի պես: Հ. Թումանյանի «Անուշի» թեման ինձ ամբողջապես հափշտակեց»:
Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին թ. օգոստոսի 4-ին (27-ին), Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։
Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում: Թե Երևանում և թե Մոսկվայում օպերան ունենում է շատ մեծ հաջողություն (Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի փայլուն կատարումներով):
Վ. Նեմիրովի-Դանչենկոն գրում է. «Օպերայի երաժշտությունը ուժեղ է, հոյակապ: Ազգային երաժշտության հատիկը շատ հարուստ է արտացոլված օպերայում, և, միևնույն ժամանակ, լավ է օգտագործված եվրոպական երաժշտական ու վոկալ արվեստը: Ցմահ չեմ մոռանա «Անուշի» հմայքը»»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա