ՀԷՑ-ը աուդիտորական ծառայությունների մատուցման բաց մրցույթ է հայտարարել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ընկերության պաշտոնական էջից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում:
««ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին:
Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:
Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի 10:00: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում՝
Վարչապետ. Առաջիկա օրերին ՀԷՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը