Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հասնում են Իրան
«Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հասնում են Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Իրանական աղբյուրը, հղում անելով ադրբեջանական «Վիրտուալ.ազ» կայքին, հաղորդում է, որ Ադրբեջանում տեղի ունեցած թանկացումների պատճառով այդ երկրի տարբեր շրջաններից առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով ադրբեջանցիները հասնում են Իրան, որպեսզի կարողանան վերոնշյալ ապրանքներն համեմատաբար էժան գնով ձեռք բերել:
«Տնտեսական հարցերով ադրբեջանցի փորձագետների կանխատեսմամբ՝ այս գործընթացն ավելի կվատթարացնի Ադրբեջանի տնտեսության վիճակը»,-նշում է իրանական աղբյուրը:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 10 տոկոսով նվազել է:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը, անդրադառնալով Իրան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը, նշել է, որ դրա պատճառն ադրբեջանցիների գնողունակության նվազումը, մանաթի արժեզրկումն ու Իրանում հյուրանոցների և բուժսպասարկման գների բարձրացումն են: