Կարեն Անդրեասյանը ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի ճամբարներին չի միանալու
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստացել է օրեր առաջ և նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունը կներկայացնեն առաջիկայում:
«Առաջիկա օրերին մենք կավարտենք նախագծի ուսումնասիրությունն ու կտանք հստակ մասնագիտական եզրակացություն հատկապես այն գլուխների և հոդվածների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին: Դրա մեջ կլինեն թե դրական, թե բացասական այն երևույթները կամ փոփոխությունները, որոնք մենք կտեսնենք կամ կարձանագրենք»,- ասաց Կ.Անդրեասյանը:
Նրա խոսքերով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտա այդ կոնկրետ հարցերի պատասխանը, ինչն են համարում հետընթաց, ինչն առաջընթաց:
Հարցին, եթե շատ բացասական հոդվածներ ընդգրկված լինեն նախագծում, ինչ քայլերի է դիմելու մարդու իրավունքների պաշտպանը, Կ.Անդրեասյանն ասաց, որ ինքը, ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի ճամբարներին չի միանալու, քանի որ իր խնդիրը քաղաքական գործընթացներից դուրս լինելն է, որպեսզի ինստիտուտն անհարկի չքաղաքականացվի:
«Մենք ավելի շատ հետևելու ենք ընդհանուր քննարկումներին, հետո հանրաքվեի գործընթացին՝ պահպանելով ինստիտուտի չեզոքությունը»,- ասաց նա:
Կ. Անդրեասյանը նշեց նաև, որ իրենք բոլոր քաղաքացիներին ներկայացնելու են իրենց մասնագիտական խորհրդատվությունը՝ ինչն է դրական նախագծում, ինչը՝ բացասական՝ առանց ավելորդ մեկնաբանությունների. «Դրանից հետո հասարակությունը պետք է որոշի՝ «այո» քվեարկի, թե՝ «ոչ», եթե այն դրվի հանրաքվեի»:
Դիտարկմանը, թե ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, Կ.Անդրեասյանն ասաց, որ հարցի հասցեատերը ինքը չէ, քանի որ հարցը ավելի շատ քաղաքական է և ինքը զերծ կմնա հարցը քաղաքականացնելուց: