Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հարգելի՛ պարոն Սահակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:
Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում:
Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: