Իմ նպատակն է, որ այդ մարդիկ գործ անեն. Վարչապետը՝ առևտրային ներկայացուցիչների մասին
Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր, որը մշակվել է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, համաձայնագրով նախատեսվում է Չինաստանի տարածքում հիմնել ՀՀ առևտրական ներկայացուցչություն, իսկ ՀՀ տարածքում համապատասխանաբար հիմնել ՉԺՀ առևտրական ներկայացուցչություն:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ներկայացուցչություն ունի: Կ.Ճշմարիտյանը պատասխանեց, որ առևտրային ներկայացուցչի հաստիք ունենք Եվրամիությունում՝ Բելգիայում, ԱՄՆ-ում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:
«Սա փաստորեն Չինաստանի հետ առևտրի հետագա աշխուժացման համար կարևոր խնդիր է լուծելու»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Վարչապետը հարցրեց, թե արդյոք քննարկում են, թե այդ ներկայացուցիչներն ինչ են անում, նրանց գործունեությունը ի՞նչ արդյունք է տվել:
«Այլ երկրների դեսպաններին տեսնում ենք, թե ինչ են անում: Ամբողջ օրը գնում են կառավարություն, նախարարություններ՝ իրենց երկրներում տնտեսությունը աշխուժացնելու համար: Դրա համար հարկավոր է գոնե մեկ անգամ հասկանանք՝ այս մարդիկ ինչ-որ բանով օգնո՞ւմ են մեզ»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Կ.Ճշմարիտյանն ասաց, որ նրանք պարբերաբար գրավոր հաշվետվություն են ներկայացնում. «Միացյալ նահանգներում մենք առևտրի ներկայացուցչի հաստիք ունենք, բայց նշանակված մարդ չունենք»:
«Այդ դեպքում ինչո՞ւ ենք հաստիքը ֆինանսավորում, եթե մարդ չունենք»,- ասաց վարչապետը, սակայն նախարարը նշեց, որ, եթե մարդ չկա, ապա չեն ֆինանսավորում:
«Եթե նախարարությունների հաստիքները հաստատվում են, բայց տվյալ հաստիքը ազատ է, ապա ինչո՞ւ է փող տրվում»,- նկատեց Հ.Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց ստուգել, թե քանի տեղ նման հաստիքներ կան:
Վարչապետը կարևորելով ներկայացուցչությունների և դեսպանատների ակտիվ գործունեությունը՝ նշեց. «Իմ նպատակն է, որ այդ մարդիկ գործ անեն, դեսպաններին օգնեն ներդրողներ բերեն, փորձեն նպաստել տնտեսության ակտիվացմանը: Մենք տեսնում ենք բոլոր երկրների դեսպանները ինչ են անում մեր երկրում»:
Նշենք, որ ՀՀ Նախագահի 2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։