Հասան Ռոհանիի նախազգուշացումը տարածաշրջանի մուսուլմանական երկրներին
«Ինչո՞ւ են տարածաշրջանի մուսուլմանական երկրներն աջակցում ահաբեկիչներին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահն իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում ահաբեկչությանը զոհ դարձած 17 հազար իրանցիների ոգեկոչմանը նվիրված կոնֆերանսում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության սպառնալիքներին, մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ մեր տարածաշրջանի որոշ մուսուլմանական երկրներ ընկան ծուղակը և սկսեցին աջակցել ահաբեկիչներին, ինչո՞ւ այդ հանցագործության մեջ ունեցան նաև իրենց ներդրումն ու ահաբեկիչներին զենք և ֆինանսական միջոցներ տրամադրեցին»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Արդյո՞ք նրանք չէին մտածում, որ մի օր իրենց հերթն է գալու: Չկասկածե՛ք, այն երկիրը, որն աջակցում է անմեղ մարդկանց ահաբեկչության ենթարկողներին, այդ ահաբեկչություն մի օր իր երկրում է տեղի ունենալու»:
Նշենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն ու պաշտոնյաները սիրիական պատերազմի սկսվելուց ի վեր այդ երկրում ահաբեկչական խմբերին աջակցություն ցուցաբերելու համար բազմիցս քննադատել են Թուրքիային:
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել է. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրանն այսուհետ Թուրքիայի փոխարեն Եվրոպա բեռներ կտեղափոխի Հայաստանի տարածքով
Թուրք դեսպան. Զարիֆի՝ Անկարա նախատեսված այցը չեղյալ է հայտարարել Իրանը