Թուրքիայի ԿԲ-ն բարձրացնում է պահուստային դրույքաչափը
Թուրքիայի կենտրոնական բանկը նախապատրաստվում է տնտեսությունը արտաքին վնասակար ազդեցություններից պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Փոխանցում է «Vestifinance.ru»-ն:
Ինչպես տեղեկացվում է, կենտրոնական բանկի նման քայլերը պայմանավորված են լինելու ԱՄՆ կողմից տոկոսային դրույքների բարձրացման արդյունքում սպասվող բացասական ազդեցությունները չեզոքացնելուն: Բանկերին օժանդակելու նպատակով կենտրոնական բանկը մոտ երկու անգամ ավելացնում է վերջիններիս հետ իր գործակցության ծավալները` հասցնելով 50 մլրդ դոլարի: Միաժամանակ բարձրացվել են նաև կարճաժամկետ փոխառությունների դրույքաչափերը:
Աղբյուրի փոխանցմամբ` սա կստիպի բանկերին օգտագործել երկարաժամկետ վարկեր, ինչն էլ իր հերթին արժութային շուկայում որոշակի կայունության կբերի: Միաժամանակ նշվում է, որ կարող են բանկերի համար խնդիրներ ի հայտ գալ` կապված արտաքին պարտքերի մարման հետ, քանի որ այս պահին թուրքական լիրան արժեզրկման պատմական մինիմումի է հասնում:
Այս կապակցությամբ աղբյուրը նաև հավելում է, որ թուրքական լիրան բրազիլական ռեալից հետո վատագույնն է զարգացող երկրների շարքում, որի շարունակական արժեզրկումը երկրում բերում է ինֆլյացիայի աճին: Ըստ աղբյուրի` վերջին շրջանում միտումները ցույց են տալիս, որ ինֆլյացիան Թուրքիայում իջնելու միտում չունի, չնայած այն հանգամանքին, որ էներգակիրների միջազգային գները նվազման միտում են ցույց տալիս: