Իրանական կայք. Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի տարածքային ամբողջականության դեմ գործող խմբերին
«Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի տարածքային ամբողջականության դեմ գործող խմբերին»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իր» կայքը:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Թուրքիայում գործունեություն ծավալող հակաիրանական անձանց ու խմբավորումներին, նշում է, որ դրանց մի մասն աշխատում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության պարսկալեզու բաժնում, իսկ խմբավորումներից մեկն էլ համագործակցում է Թուրքիայի անվտանգության ծառայության հետ, որոնց հիմնական նպատակն Իրանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ գործունեություն ծավալելն է:
Հոդվածի հեղինակը, քննադատելով Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը, նախազգուշացնում է. «Այդ դեպքում Իրանն էլ կարող է պատասխան գործողություններ կատարել՝ Թուրքիայում բնակվող զազաներին, ալավիներին ու քրդերին տարատեսակ օժանդակություն ցուցաբերելով, իսկ այդ դեպքում Թուրքիան ավելի մեծ վնաս կկրի»:
«Թուրքիան վերջին տարիներին կոպտորեն խախտել է դիվանագիտական նորմերը, եթե Թուրքիան չվերանայի իր քաղաքականությունը, ապա Իրանը պատրաստ է անցնել հակաքայլերի, իսկ այդ դեպքում երկկողմ հարաբերություններն ավելի կվատթարանան, որից ավելի շատ կտուժի Թուրքիան, այլ ոչ թե Իրանը»,-գրում է իրանական աղբյուրը: