«Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»... Վիլյամ Սարոյան (լուսանկարներ)
«Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, և հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ... Ինքը իր հռչակից մեծ է և հռչակված ուրիշներից էլ մեծ է...»,- Վիլյամ Սարոյանի մասին ասել է գրող Հրանտ Մաթևոսյանը:
1908 թվականի հենց այս օրը Ֆրեզնոյում (ԱՄՆ,Կալիֆորնիա) Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում ծնվել է ամերիկահայ գրող է Վիլյամ Սարոյանը:
Առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։
«...(Սարոյանը) օժտված է մի այնպիսի ձիրքով, որ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց... Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է»,- ասել է բանաստեղծ Պարույր Սևակը:
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։
Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։
Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,- ասել է գրողը:
1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։
1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։
Առաջին անգամ Հայաստանում եղել է 1935թին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978թթ.-ին:
Վիլյամ Սարոյանը վախճանվել է ԱՄՆ-ում 1981 թվականին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
«... (Սարոյանը) թեև այլ լեզվով, թեև այլ ժանրերով, բայց վերապատմեց իր ժողովրդի մեծ էպոսը, վերապատմեց էպոսին հատուկ անհուն բարությամբ ու խաղաղասիրությամբ, մարդկային խղճի ու արդարության նկատմամբ ունեցած այնպիսի անսպառ հավատով, այնպիսի կենսահաստատ փիլիսոփայությամբ, որ նրա խոսքը XX դաժան դարի խաչմերուկներում հնչեց եզակիորեն տեղին ու ժամանակին՝ հարուցելով իրեն արժանի հիացմունք ու արձագանք»,- ասել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա