Ես 10-րդ դասարանում աշխատել եմ կոշիկի ցեխում`աշխատելը ամոթ չէ. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մասնակցեց իր հարազատ՝ Երևանի թիվ 45 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը:
Այնուհետև ԿԳ նախարարն այցելեց Երևանի թիվ 2 ավագ դպրոց, զրուցեց 12-րդ դասարանի աշակերտների հետ:
Նախարարը նախ հարցրեց, թե ովքեր են գիրք կարդացել. տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը ամառային արձակուրդներն անցկացրել են գիրք կարդալով:
Ա.Աշոտյանը նաև հետաքրքրվեց, թե արձակուրդների ընթացքում ովքեր են աշխատել: Տղաներից մեկն ասաց, որ այս ամիսներին աշխատել է Երևանի սուպերմարկետներից մեկում՝ փորձելով թեթևացնել ծնողների հոգսը: Նախարարը գովեց աշակերտի քայլը՝ ասելով, որ ինքը նույնպես 10-րդ դասարանում աշխատել է:
«Եթե կարիք լինի, պետք է նաև աշխատել։ Ամբողջ արևմտյան հասարակության սովորող ուսանողները աշխատում են։ Դա ամոթ բան չի: Ես 10-րդ դասարանում աշխատել եմ։ Արեշում եմ մեծացել և մեր դասարանի տղերքով աշխատում էինք: Այն ժամանակ կոշկակարության բում կար, կար կոշիկի ցեխ, որտեղ, մենք՝ տղերքով, դասերից հետո աշխատում էինք։ Ստանում էինք որոշակի գումար և այդ գումարով կարողանում էինք ինչ-որ մի բան անել մեր կամ ծնողների համար: Այսինքն՝ աշխատելը ամոթ չէ, այլ՝ պատիվ է։ Եթե ուզում եք երազել, ապա այդ երազանքների համար պատրաստ եղեք ինքներդ ինչ-որ մի բան վճարել»,- նշեց Ա.Աշոտյանը:
Աշակերտներից մեկն էլ հարցրեց, թե ինչո՞ւ ԵՊՀ իրավագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտություններն անվճար տեղեր չունեն: Աշակերտին նաև հետաքրքրում էր ԿԳ նախարարի կարծիքը՝ արդյոք նախարարն էլ գտնում է, որ բուհերում ուսման վճարները բարձր են միջին խավի և անապահով ընտանիքների երեխաների համար:
Ա.Աշոտյանը խոստովանեց, որ ի համեմատ ընտանեկան եկամուտների՝ ուսման վճարները բարձր են, բայց ի համեմատ մեր սպասելիքների, որոնք ունենք կրթության որակից ՝ ցածր են, քանի որ, ըստ նրա, այսօր չկա էժան բարձրագույն կրթություն: «Բոլոր առաջատար բուհերը, որտեղ ուզում ենք սովորել, ունեն ուսման վճարի բարձր շեմ: Գերմանիայում մեկ ուսանողի համար պետությունը ծախսում է շուրջ 6 հազար եվրո, իսկ Հայաստանում ուսման միջին վարձը 1000 եվրո է: Ցավոք, դեռ ոչ մեկ չի կարող ասել, թե ինչպես կազմակերպել որակյալ, բայց էժան կրթություն»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ անվճար սովերելու համար բազմաթիվ հնարավորություն կա, մասնավորապես, խոսքը վերաբերում է պետպատվերին, որոնք բաշխված են բոլոր բուհերում: Բացի այդ, ըստ Ա.Աշոտյանի, անապահով ընտանիքների երեխաների համար գործում են մի շարք արտոնություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները