Բաքվում դատարանը լրագրող Խադիջա Իսմայլիլովային դատապարտել է 7 ու կես տարվա ազատազրկման
Բաքվում ավարտված դատավարության արդյունքում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեջ: Այս մասին հաղորդում է «BBC» -ն:
Ինքը Իսմայիլովան հայտարարում է, որ իր դեմ առաջ քաշված մեղադրանքներն անհիմն են: Երեկ դատավճռից հետո` իրեն տրված վերջին խոսքի իրավունքից օգտվելիս Իսմայիլովան մատնանշել է Ադրբեջանի իշխանությունների կողմից դատավարական գործընթացում օրենքի խախտման բազմաթիվ դեպքեր:
Իրավապաշտպանները Իսմայիլովայի գործը կապում են նրա լրագրողական գործունեության և մասնավորապես Ալիևների ընտանիքին պատկանող բիզնեսների մասին գրված հետաքննական հոդվածի հետ:
Իր վերջին խոսքում Իսմայիլովան հայտարարել է, որ Ադրբեջանի վարչահրամայական ռեժիմի վերջը շուտով գալու է:
«Դա տեղի կունենա նավթի գների անկման հետևանքով, իսկ մյուս պատճառը լինելու ենք մենք»,-հայտարարել է Ադրբեջանի իշխանական վերնախավում կոռուպցիոն գործընթացների հետաքննությամբ հայտնի լրագրողը:
Խադիջա Իսմայիլովայի դատավճիռն արդեն քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
«Human Rights Watch»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողը ենթարկվել է «քաղաքականապես մոտիվացված հետապնդման, խախտումներով ընթացած դատավարության, ինչպես նաև վարկաբեկման քարոզարշավի: Ադրբեջանական իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Իսմայիլովային»:
Իր հերթին «Human Rights Watch»-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոտի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Խադիջա Իսմայիլովայի անընդունելի դատավճիռը ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ձգտումը`խախտելու օրենքները հանուն ընդդիմախոսներից վրեժ լուծելու նպատակի: Իսմայիլովայի դատավճիռն ու նրա հասցեին առաջ քաշված մեղադրանքները պետք է անհապաղ հանվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան