Չենգիզ Աքթար. «Թուրքիան Էրդողանի հետ գնում է դեպի կործանում»
Արդեն երեք ամիս է մենք հասել ենք մի կետի, երբ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ լողում է անհայտ ջրերում: Անդրադառնալով Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումներին` «Al Jazeera»-ում գրում է հայտնի վերլուծաբան Չենգիզ Աքթարը:
Վերլուծաբանը նկատում է, որ վերջին շրջանում Էրդողանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչում առ այն, որ նա անում է ամեն ինչ, միայն թե կարողանա պահպանել իր իշխանությունը:
Անդրադառնալով հուլիսյան ընտրություններին հաջորդած դեպքերին` հոդվածագիրը փաստում է, որ կոալիցիա ձևավորելու բոլոր ջանքերն արդեն ձախողված են, քանզի որևէ կուսակցություն ցանկություն չհայտնեց հայտնվել Էրդողանի ամիջական ղեկավարության ներքո:
Նոր կառավորություն կազմելու մանդատի ժամկետի սպառումից հետո վաղաժամ ընտրություններ նշանակելու, ինչպես նաև ողջ ընտրական կամպանիայի ընթացքում բացահայտորեն «Արդարություն և զարգացում» կուսակցության համար ձայներ խնդրելը հոդվածագիրը որակում է որպես Էրդողանի կողմից հակասահմանադրական քայլեր:
«Սահմանադրության վերջին խախտումը նախորդ շաբաթվա սկզբին տեղի ունեցավ, երբ նա հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ինչը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշելիքն է: Սակայն նախագահը հստակ հասկացնել է տվել, որ չի ամաչում իր պահվածքից»,- գրում է վերլուծաբանը:
Շարունակելով, վերլուծաբանը նկատում է, որ ընտրություններն Էրդողանի համար օրինական են միայն այն դեպքում, երբ դրանցում արձանագրվում է իր բացարձակ հաղթանակը: Հետևաբար, ըստ հոդվածագրի, նա Թուրքիան տանում է անվերջ ընտրությունների մի ուղիով, մինչև որ հաղթանակ չտանի կամ դրանք չեղյալ չհամարվեն համաձայն սահմանադրորեն ամրագրված դրույթի, երբ պատերազմ է հայտարարվում:
Աքթարի դիտարկմամբ, հաղթանակ տանելու ցանկությամբ է բացատրվում նաև Էրդողանի կողմից դրսևորվող կոնֆլիկտային կեցվածքը և, ըստ վերլուծաբանի, որքանով որ նա չի կարող պատերազմ հայտարարել օտարերկրյա պետության, օրինակ Սիրիայի դեմ, նա հրահրում է ներքին կոնֆլիկտ` բախման մեջ մտնելով քրդերի հետ:
Այս համատեքստում հոդվածագիրը սակայն նկատում է, որ թուրքական հասարակությունը պատրաստ չէ բռնության և դրա մասին են վկայում Էրդողանի գործողությունների նկատմամբ հասարակության զուսպ արձագանքները: Մյուս կողմից էլ Թուրքիայի համար նոր մարտահրավեր են ի հայտ գալիս ի դեմս միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների, որոնք բացասական են ազդում թուրքական լիրայի վրա:
«Այս վիճակը որևէ մեկի համար լավ չէ: Սա Թուրքիայի համար նշանակում է քաոս, իսկ արդեն ցնցվող տարածաշրջանի համար էլ` ավելի անկայունություն: Հանրագումարային առումով սատցվում է, որ հիմա Էրդողանը առկա խնդիրների մասն է, բայց փոխարենը բացակայում է բոլոր հնարավոր լուծման տարբերակներում»,- ամփոփում է հոդվածագիրը: