Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վատացել են
Գերմանական Deutsche Bank-ի մասնագետները Ռուսաստանի տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները վատացրել են, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը:
Ինչպես նշված է գերմանական բանկի կողմից հրապարակված զեկույցում` ՌԴ ՀՆԱ-ն ընթացիկ տարում կունենա անկում 3,8%-ի չափով: Ավելի վաղ մասնագետները կանխատեսում էին տնտեսության անկում 3,3%-ի չափով: 2016թ-ին ռուսական տնտեսության նակումը կկազմի 1,2%, իսկ 2017թ-ին` վերլուծաբանները կանխատեսում են չնչին աճ` 0,4%-ի չափով:
Ավելի վաղ կատարված կանխատեսումների շտկումը մասնագետները բացատրում են համաշխարհային ֆինանսական շուկաներում արձանագրված կտրուկ տատանումներով, ինչպես նաև նավթի գնի տատանումներով: Ինչպես նշված է հաշվետվության մեջ` ռուսական տնտեսությանը չափազանց զգայուն է էներգակիրների ցածր գների նկատմամբ:
Ռուսական տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումները վատացրել են նաև Bank of Amerika-ի մասնագետները: Ֆինանսական կազմակերպության հրապարակած զեկույցում ասվում է, որ ընթացիկ տարվա ավարտին Ռուսաստանի ՀՆԱ-ն կունենա 3,7% անկում, չնայած նախորդ կանխատեսման մեջ խոսվում էր 2,8% անկման մասին: