Թուրքիան ետընտրական և նախընտրական իրավիճակում. գործընթացային դիտարկում
Թուրքիան գտնվում է միաժամանակ ետընտրական և նախընտրական կարևոր մի փուլում: Ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, երբ երկրի նախագահը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նշանակում է արտահերթ ընտրություններ: Դրանք անց են կացվելու նոյեմբերի1-ին:
Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձախողվեց և չկարողացավ ապահովել անհրաժեշտ մեծամասնություն՝ միակուսակցական կառավարություն ձևավորելու և 13-ամյա միակուսակցական իշխանությունը շարունակելու համար: Մեծ հաշվով, թեև սա ԱԶԿ-ի ձախողումն էր, ավելի շատ նաև Էրդողանի պարտությունն էր՝ քաղաքական հեռանկարի կենսունակության առումով: Թեև Էրդողանը չի հանդիսանում ԱԶԿ-ի նախագահը, այդուհանդերձ, կուսակցության ֆորմալ տերը հենց նա է, և կուսակցության քաղաքականության «թելերը» գտնվում են նրա ձեռքին:
Ստեղծված իրավիճակում Սահմանադրության համաձայն՝ ԱԶԿ-ն Ա. Դավութօղլուի գլխավորությամբ խորհրդարան անցած քաղաքական կուսակցությունների հետ գնաց կոալիցիոն կառավարության ձևավորման բանակցությունների: Ի սկզբանե, կոալիցիայի հավանականությունը շատ ցածր էր, քանի որ կուսակցությունների կողմից դրված «կարմիր գծերն» անհաղթահարելի էին թե ԱԶԿ-ի, և թե մյուս կուսակցությունների համար: Էրդողանի խաղադրույքն իրականում արտահերթ ընտրություններն էին, որոնց մասին հունիսի 7-ի ընտրություններից հետո ակնարկել էր: Ուղղակի կոալիցիոն բանակցություններն անհրաժեշտ քաղաքական պրոցես էր, որում Էրդողանը փորձեց ներքաղաքական ու նաև միջազգային դաշտում իր համար դիվիդենտներ ապահովել:
Նա ցույց տվեց, որ ԱԶԿ-ի համար գրանցված պարտությունը ընդունում է պատասխանատվությամբ ու առաջարկում երկրի կառավարման պատասխանատվությունը կիսել մյուս դերակատարների հետ: Զուտ գործընթացային մակարդակում Էրդողանին հաջողվեց նման ֆոն ապահովել, և դա նաև լրացուցիչ լեգիտիմության աստիճան հաղորդեց իրեն և ԱԶԿ-ին՝ ներսում և արտաքին միջավայրում: Մյուս կողմից հետընտրական ճգնաժամային այս իրավիճակում ներքաղաքական գործընթացները, տնտեսական հիմնախնդիրներն ու կառավարության ճգնաժամը կարող են ազդել թուրքական ընտրազանգվածի չկողմնորոշված հատվածի վրա, այսինքն` դրանք այն մոտիվացիաները կլինեն, որոնցով ընտրողը կկողմնորոշվի արտահերթ ընտրությունների ժամանակ: Նաև սրանով Էրդողանը փորձեց ցույց տալ Թուրքիայի համար կոալիցիայի անհեռանկարային լինելը:
Բավական ուշագրավ է ներքաղաքական այդ պրոցեսների հետ երկրում քրդական զինյալ պայքարի ակտիվացումը: Շուրջ 2.5 տարի տևած զինադադարից հետո «Քրդստանի բանվորական կուսակցությունը» վերսկսեց երկրի տարածքում զինյալ պայքարը՝ սպառված համարելով իշխանության կողմից զինադադարի ընթացքում կատարված քայլերը քրդական հիմնախնդրի համատեքստում: Որքան էլ պարադոքսալ լինի, քրդական զինյալ պայքարի ակտիվացումն այս հետընտրական ու արդեն նաև նախընտրական շրջանում Էրդողանի համար լրացուցիչ դիվիդենտներ կարող է ապահովել, և այդ ուղղությամբ քայլերն ակնհայտ են:
Նախ, Էրդողանի և ԱԶԿ-ի կողմից դեռևս հունիսի 7-ի ընտրություններից առաջ՝ նախընտրական շրջանում, հակաքրդական միտումների ակտիվացումն ու շրջանառումն ավելի ուժգին է տարվում ներկայում քրդական զինյալ պայքարի ակտիվացման համատեքտում: Էրդողանն այս ընթացքում խնդիր ունի հակաքրդական ու պետության անվտանգության, կամ մասնագիտական եզրութաբանությամբ, անվտանգայնացման միջոցով իր կողմը գրավել հատկապես թուրքական ընտրազանգվածի ազգայնական հատվածին: Այստեղ հիմնական թիրախներից է դառնում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Քրդական զինյալ պայքարն Էրդողանին հնարավորություն է տալիս թուրքական հանրությանը հստակ ուղերձներ հղել՝ նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում ընտրություն կատարել կայունության և անկայունության միջև: Գալիք ընտրություններին ԱԶԿ-ն կգնա հենց կայունության գործոնի շեշտադրումներով: Ուղերձներ, որոնք պետք է ազդեն ընտրազանգվածի վրա:
Մյուս կողմից՝ Էրդողանի հնրավարությունները քաղաքական դաշտում մեծանում են ֆորմալ և ոչ ֆորմալ, իրավական և ոչ իրավական մեխանիզմների առումներով: Թեև նվազ հավանական է, այդուհանդերձ չի բացառվում քրդամետ քաղաքական ուժի՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության չեզոքացումը կամ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ԺԴԿ-ին կնստեցնեն գոնե առարկայական բանակցությունների սեղանին:
Թուրքիայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունները այլևս ստեղծում են մի իրավիճակ, երբ նոյմբերի 1-ին նշանակված արտահերթ ընտրություններից առաջ Էրդողանը փորձում է օգտվել դրանից: Չի բացառվում, որ նախընտրական շրջանում երկրի մի շարք շրջաններում մտցվի արտակարգ դրություն, երկրի տարածքում իրականացվեն տարբեր սահմանափակումներ: Արդեն իսկ շուրջ 37 շրջաններ հայտարարվել են ժամանակավոր անվտանգության գոտիներ, որոնք կարող են տևել 15 օրից մինչև 6 ամիս: Կարևոր է այն, թե արդյո՞ք Թուրքիան նոյեմբերյան ընտրություններին կգնա արտակարգ կամ պատերազմական դրության պայմաններում:
Դա շատ բան կարող է փոխել: Մյուս սցենարը, որը թեև նվազ հավանական է համարվում, նոյեմբերի 1-ին նշանակված ընտրությունների հետաձգումն է մինչև 1 տարի ժամանակով, որի դեպքում կգործի հաստատված ժամանակավոր կառավարությունը: Նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված նման լիազորություն ունի` պատերազմական իրավիճակի պատճառով հետաձգել ընտրությունների անցկացումը: Քրդական զինված գործողությունները երկրի տարածքում կարող են նման հնարավորություն տալ:
Բացի քարոզչական գործողություններից, այս ընտրությունները կարող են էականորեն տարբերվել նախորդից, երբ Էրդողանը կարող է գնալ կտրուկ միջոցների ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար: Ներկայում առանցքային համարվող քրդական գործոնն էականորեն ազդում է ներքաղաքական գործընթացների վրա, սակայն այս իրավիճակը քրդերի համար փակուղային է և առջևում անխուսափելի բանակցություններն են: Ազդակներն արդեն կան քրդական կողմից: Կողմերը կրկին նստելու են բանակցությունների շուրջ, իսկ այս իրավիճակում Էրդողանը փորձում է դիվիդենտներ ապահովել: Նախընտրական իրավիճակը Թուրքիայում բավական լարված է լինելու: Էրդողանն ամեն կերպ ընտրությունների է գնալու հաղթելու վճռականությամբ, իսկ ընդդիմությունը` կրկին դրա հնարավորությունը կանխելու ձգտումով: Իսկ Էրդողանի համար հերթական ձախողումն այս անգամ ճակատագրական կարող է լինել:
Թուրքագետ Լևոն Հովսեփյան