Ենթադրում ենք՝ այսօր քրեակատարողական հիմնարկը Վարդան Պետրոսյանի վերաբերյալ որոշում կկայացնի. փաստաբան
«Մեր տեղեկություններով Վարդան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործն արդեն վճռաբեկ դատարանից ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան: Սպասում ենք, որ այսօր պատիժն ի կատար ածելու մասին որոշում կայացվի, որն էլ կուղարկվի քրեակատարողական հիմնարկ»,- Panorama.am-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վճռաբեկ դատարանը մերժել էր վթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը:
Ն. Բաղդասարյանի խոսքով, ենթադրում են, որ այսօր քրեակատարողական հիմնարկը որոշում կկայացնի բաց տիպի ռեժիմով պատիժը կրելու մասին:
«Այնուհետև մենք կկազմակերպենք Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված քայլերը՝ դիմել քրեակատարողական հիմնարկի պետին, որպեսզի հնարավորություն ընձեռի Վարդան Պետրոսյանին պատիժը կրել հիմնարկի տարածքից դուրս»,- ասաց Վ. Պետրոսյանի փաստաբանը:
Ավելի վաղ Ն. Բաղդասարյանն ասել էր, որ անզգույշ հանցագործությունների, այդ թվում նաև ավտովթարի գործով կալանավորված անձի նկատմամբ օրինական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո բաց տիպի կալանքի ռեժիմն է գործում, այսինքն մարդն իր պատիժը կրում է ազատության մեջ. «Բաց ռեժիմի դեպքում կալանավորն առավոտյան ութից մինչև երեկոյան ութն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա և մնա կալանավայրի բաց տարածքում։ Բացի այդ, նախատեսում է բարենպաստ պայմաններ՝ տարեկան վեց ամիս աձակուրդ, վաղաժամկետ ազատման համար դիմելու հնարավորություն, համաներման կիրառում»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: Տուժող կողմը դիմել էր վճռաբեկ դատարան: