Մենք ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում. Սեյրան Օհանյան
«Իրավիճակը վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակն ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույն կերպով իրականացնում»,-այսօր լրագրողների հետ զույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Գիտելիքի օրվա առթիվ այցելել էր Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոց:
Պն գերատեսչության ղեկավարի խոսքերով իրականում կրակոցների թիվը ավելանում և պակասում են. «Իհարկե մենք ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձեր են եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք քննարկումներին մշտապես մասնակցել են. «Տվել ենք մեր առաջարկությունները, որոնք բոլորն անցել են: Այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրները նոր սահմանադրությամ մեջ երաշխավորված են: Գլխավոր գերագույն հրամնանատարի հետ կապված որևէ առարկություն չկա»:
Լրագրողի հարցին, թե ինչ պետք է սպասել աշնանը կայանալիք Մինսկի խմբի համանախագահիների հանդիպումից նախարարը պատասխանեց, որ բանակցային գործընթացների շրջանակների յուրաքանչույր հանդիպումից ակնկալվում է գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդման խնդիրներ, զերծ մնալ կրակոցներից, ոտնձգություններից, խախտումներից:
«Մեր տեսակետներից նախադրյալներ պետք է ստեղծել հետագա բանակցային գործընթացում, որոնք որ կհամապատասխանեն միջազգային նորմերին՝ ժողովրդի իշխանությունը հաշվի առնելով»,-նշեց Ս. Օհանյանը: