«Անզուգական աշխարհ». 40 հազարից ավելի երեխա հաճախում է առաջին դասարան
Հուզված երեխաներ: Նրանց ձեռքն ամուր բռնած հուզված ծնողներ: Գրեթե ամեն ուսումնական տարվա առաջին օրը այս տեսարանը կարելի է հանդիպել հայաստանյան յուրաքանչյուր դպրոցի բակում, որտեղ պետք է ոտք դնեն առաջին դասարանցիները:
Այսօր ավելի քան 40 հազար երեխայի համար բացվում է դպրոցի դուռ, որից ներս մտնելով նրանց համար բացվում է լիովին այլ աշխարհ:
«Այս աշխարհը նրանց համար նոր է, այս աշխարհը նրանց համար անսովոր է: Բայց համոզված եմ, որ կարճ ժամանակ անց լինելու է նրանց ամենասիրելի աշխարհը: Դպրոցական տարիները կյանքի ընթացքում ամենալավ, անփոխարինելի ժամանակահատվածն է: Դպրոցն ավարտելուց հետո էլ նոր կյանք, աշխարհ է սկսվում նրանց համար, բայց չի կարելի համեմատել այս անզուգական աշխարհի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը, ով արդեն «անհիշելի ժամանակներից» իր սիրած գործն է անում՝ առաջին դասարանցիներ է ընդունում, նրանց համար նոր աշխարհի դռները բացում, իսկ փակելիս էլ հուզվում, արտասվում, դժվարությամբ բաժանվում:
Ուսուցչուհու մշտական խորհուրդն է առաջին դասարանցիների ծնողներին. «Գիտեմ, իրենց համար էլ դժվար: Հասկանում են, որ իրենց երեխան մեծացել է, բայց չեն ուզում ընդունել դա: Բայց փաստ է: Դժվար է բաժանվել ձեր երեխաներից դպրոցի դռնից ներս թողնելուց առաջ, բայց ձեր երեխաները տեսնելով ձեր անհանգստությունը, հուզմունքը, իրենք էլ են հուզվում: Հանգիստ թողեք ներս մտնեն, անընդհատ պետք չէ ասել, թե ինչ պետք է անեն դասարանում, ժամանակի ընթացքում իրենք կսովորեն, կհարմարվեն»:
Գայանեն իր երրորդ երեխային է այսօր տանում առաջին դասարան: Ինչպես ասում է, արդեն սովորական է: «Տղաս անընդհատ հարցեր է տալիս՝ ինչպես է դպրոցում, ինչքան ժամանակ պետք է այնտեղ մնա, երբ կարող է դուրս գալ դասարանից: Չեմ պատկերացնում, թե ինչպես իրեն կպահի դպրոցում: Շատ շարժուն է, սիրում է անընդհատ հարցեր տալ: Հույս ունեմ՝ արագ կսովորի իր նոր կյանքին»,- ասում է Գայանեն:
Սուրենը, ով այսօր առաջին անգամ դպրոց է գնում, ասում է, որ շատ էր ուզում լինել դպրոցական՝ «լիքը բաներ եմ սովորելու, լիքը նոր ընկերներ եմ ունենալու»:
«Մայրիկս ասել է, որ արդեն պետք է քիչ խաղամ, որպեսզի կարողանամ դասերս սովորել: Ես էլ սովորելուց հետո կխաղամ: Ոչինչ: Ուզում եմ դասարանում ամենալավը ես սովորեմ»,- ասում է Սուրենը: Նա նաև ուզում է, որ իր դասարանցիները, ինչպես նաև առաջին դասարան գնացող բոլոր երեխաներն այսօր շատ ուրախ լինեն, չլացեն, որովհետև «բոլորն ասում են, որ դպրոցում շատ լավ է ու երբ մեծանանք, շատ ենք ուզելու, որ էլի դպրոցական լինենք: Տատիկս միշտ ասում է՝ երանի դպրոցական տարիներին»:
Panorama.am-ը այսօր եղավ «Ուսում» հանրակրթական դպրոցում, որտեղ տնօրեն Սուսաննա Թամարյանը շնորհավորեց առաջին անգամ դպրոց ոտք դրած սաներին, նրանց ծնողներին ու ընտանիքների անդամներին:
«Ուզում եմ, որ ձեզ ուղեկցող տատիկ-պապիկների, ծնողների սպասումներն իրականություն դառնան»,-ասաց նա: