Human Rights Watch. Ադրբեջանին պետք է զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը միջազգային մեծ արձագանք է առաջ բերել: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական դատարանը երկարատև գործընթացից հետո Իսմայիլովային դատապարտել է 7 ու կես տարվա ազատազրկման` զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է գերմանական «Deutsche Welle» -ն`Եվրամիությունը խստորեն դատապարտել է իսմայիլովայի դատավճիռը`կոչ անելով ադրբեջանական իշխանություններին իրականացնել նոր, անաչառ դատավարություն:
Նոր և անաչառ դատավարություն անցկացնելու պահանջով Բրյուսելում մասնավորապես հանդես են եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
Իսմայիլովայի դատավճռի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որը դատապարտել է ադրբեջանական իշխանություններին Իսմայիլովայի նկատմամբ քաղաքականապես մոտիվացված հետապնդում, խախտումներով ընթացած դատավարություն, ինչպես նաև վարկաբեկող քարոզարշավ իրագործելու համար:
Խադիջա Իսմայիլովայի դատավճռի համար որպես պատիժ` «Human Rights Watch»-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։