Իրանական կայք. «Իսլամական պետությունը» ադրբեջանցի ահաբեկիչների համար ռազմաուսումնական դասընթացներ է կազմակերպում
«Իսլամական պետությունը» ադրբեջանցի ահաբեկիչների համար ռազմաուսումնական դասընթացներ է կազմակերպում»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են Իրաքի և Սիրիայի սահմանում «Աբու Իսա» անունը կրող նոր հիմնված ճամբարում սույն ահաբեկչական խմբավորման Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անդամների համար ռազմաուսումնական դասընթացներ կազմակերպվում:
«Ուշագրավն այն է, որ ԻՊ-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ այդ դասընթացներն ադրբեջանցի ահաբեկիչների համար անցկացվում են ադրբեջաներեն լեզվով»,-նշում է իրանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպանը, ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառուցի թիրախներից մեկը՝ դա շիական Ադրբեջանական Հանրապետությունն է, դրա մասին «Իսլամական պետությունը» բազմիցս հայտարարել է:
Ավելի վաղ ԻԻՀ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին Ադրբեջանում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումների վերաբերյալ հերթական զեկույցում մտահոգություն էր հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայությունն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է հանդիսանում սահմանակից Իրանի Արդաբիլ նահանգի համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վերջին երեք տարվա ընթացքում Սիրիայում ավելի քան 200 ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ներկայությունը` սպառնալիք Իրանի անվտանգությանը