Սիրիահայը վաճառում է իր գանձերից մեկը՝ Էդուարդ Իսաբեկյանի «Գոմշակռիվ Իգդիրում» կտավը
ՀՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի «Գոմշակռիվ Իգդիրում» կտավը, որը դեռ 1992 թվականին Հալեպում գնել էր մի սիրիահայ, այսօր նույն սիրիահայը վաճառում է:
Panorama.am-ի հետ զրույցում «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանը պատմեց, որ դեռևս 1992 թվականին Հալեպում կազմակերպվել էր Է. Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը. «Հալեպցիները ծանոթացել են Իսաբեկյանի արվեստին, սիրել նրա արվեստը: Բավականին նկարներ էր վաճառվել: Այդկեպ սիրիահայերը ցանկացել էին Հայաստանի համար այդ դժվարին ժամանակում ինչ-որ չափով օգնել մեր երկրին:
Հիմա այս նկարը գնողը Սիրիայում տեղի ունեցող դեպքերի պատճառով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով նաև այս կտավը: Նա Իսաբեկյանի ստեղծագործությունը համարել է իր ունեցած գանձերից մեկը ու բերել է Հայաստան՝ վաճառելու և գոյատևելու համար»:
Սիրիահայը դիմել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ, որ «Գոմշակռիվ Իգդիրում» կտավը վաճառում է, ցուցասրահն էլ այդ մասին տեղեկատվություն է տարածել:
Իրինա Իսաբեկյանը դիմում է Հայաստանի գործարարներին, իգդիրեցիներին. «Հույս ունենք, որ որևէ արվեստի ջատագով կամ հայրենասեր իգդիրեցի կգնահատի այս հոյակապ գործը, կգնի և, ինչու ոչ, կնվիրի քաղաքին` «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահին, որը ստեղծվել է Արամ Իսաբեկյանի` իր հոր 28 կտավների նվիրատվության շնորհիվ»:
«Գոմշակռիվ Իգդիրում» կտավը Էդուարդ Իսաբեկյանը ստեղծել է 1991 թվականին: