Նեթանյահուն պաղեստինցիների հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամություն է հայտնել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիների հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամություն է հայտնել՝ միաժամանակ աջակցելով «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
«Մենք ձգտում ենք պաղեստինցիների հետ բանակցություններին, հակամարտության կարգավորմանը՝ դա երկու պետությունն է երկու ժողովուրդների համար. ապառազմականացված պաղեստինյան պետություն, որը ճանաչում է հրեական ազգային պետությունը»,-ասել է Նեթանյահուն՝ պատրաստակամություն հայտնելով բանակցությունների համար մեկնել Ռամալա՝ Պաղեստինի ինքնավարության վարչական մայրաքաղաք:
«Ես ոչ մի նախապայման չունեմ բանակցությունների համար, ես պատրաստ եմ հենց հիմա մեկնել Ռամալա կամ քարտեզի վրա մեկ այլ կետ՝ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների համար»,-ավելացրել է Իսրայելի վարչապետը:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական վերջին խաղաղ բանակցությունների փուլն անարդյունք ավարտվեց 2014 թվականի ապրիլին: